Ինչո՞ւ եք պահում այնպիսի աշխատակազմի ղեկավար, որը չարաշահում է պետական միջոցները`հարցն այսօր գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում են 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Պատգամավորը նաեւ մասնավորեցրեց, որ գյուղատնտեսության աշխատակազմի ղեկավարը ծառայողական մեքենայով մեկնել է հանգստանալու:
Սամվել Գալստյանը նախ խնդրեց ստվեր չնետել մի ամբողջ նախարարության վրա այն բանի համար, որ աշխատակազմի ղեկավարը գործուղման է մեկնել ծառայողական մեքենայով: Նա փորձեց արդարացնել աշխատակազմի ղեկավարին, ասելով`վերջինս համատեղել է հանգիստն ու աշխատանքը` նաև հանդիպումներ է ունեցել ոլորտի մասնագետների հետ. «Եթե մարդը գնացել է հանգստի, որի վերաբերյալ նախարարը տեղյակ է եղել, նմանատիպ վրիպումներ կարող են լինել, դա դիտավորյալ չի եղել: Կլինեն էդպիսի բաներ, բայց ուզում եմ ասել, որ բյուջեի հսկողությունը շատ խիստ է, վերահսկողությունը շատ խիստ է»:
Փոխնախարարի`ընկերոջը պաշտպանելու պատասխանից, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա նմանվում է Սերժ Սարգսյանի կողմից Հարավային Կորեա հանգստի մեկնելուն, երբ նա օգտագործեց պետական միջոցները՝ ինքնաթիռը և այլն:
Քննարկմանը ներկա էր նաև գյուղատնտեսության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, որի հարցով ընթանում էր քննարկումը: «Ծառայողական մեքենան օգտագործելու հետ կապված, ես իմ սխալն ընդունել եմ, չեմ ուզում մանրամասնեմ, տեղն էլ հարմար չի, որ ասեմ, թե ուր եմ գնացել, բայց ես ենթարկվել եմ պատասխանատվության, ես ընդունում եմ իմ սխալը»,- միջամտեց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ