Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Մելքոնյան. «Ռիգայի գագաթաժողովին որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն ընթացել»

Մայիս 29,2015 17:22

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուրվագծվող տեսլականն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից հետո» թեմայով հրավիրված քննարկմանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ Ռիգայում հրավիրված գագաթաժողովին որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն եղել:

Այնուհետև մանրամասնեց. «Քննարկումներ էին ընթանում, թե ինչ է հնարավոր ներառել նոր փաթեթում: Եվրահանձնաժողովը ներկայացրել է մանդատի հարցում, դա ընթացակարգ պահանջող հարց է: Երբ տրամադրվի Եվրահանձնաժողովին այդ մանդատը, կսկսեն նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները»:

Պարոն Մելքոնյանը հայտնեց, որ ՀՀ-ԵՄ նոր քննարկման անհրաժեշտություն է առաջացել` ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ուստի քննարկվում է, թե իրավական ինչ ձևաչափ կարող է կիրառվել ՀՀ-ԵՄ համագործակցության հարցում. «Կա մեկ ընդհանուր ընկալում, որ այդ նոր փաստաթղթում հնարավորինս պիտի ներառվեն ընդհանուր պայմաններ, որոնք ներառված էին Ասոցացման և Խորը համապարփակ ազատ առևտրի պայմանագրերում»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը վերահաստատեց, որ իրենք միշտ էլ կողմ են եղել «և-և» -ի քաղաքականությանը ու ԵՏՄ անդամակցությանը, քանի որ այլընտրանք չունեինք: Բայց նաև թերահավատություն հայտնեց. «Այս համաձայնագրերը կնքելով` այնպես չէ, որ մեր ապրանքները լցվելու են եվրոպական շուկա: Բազում բարդություններ կան»:

Միքայել Մելքումյանը մտահոգություն հայտնեց որակի ապահովման, ներքին վարչարարության, օդանավակայանի բարձր ծախսերի վերաբերյալ:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը որոշ վատթարացում է նկատում ՌԴ-ի հայտարարություններում: Նա նշեց. «Գուցե ՀՀ-ԵՄ փաստաթղթի կարիք չկա էլ, քանի որ ՌԴ-ն հայտարարեց, որ Արևելյան գործընկերության ծրագիրը ռիսկեր է ներկայացնում: Այնպես որ, չընդունենք հիմք ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, այլ նկատենք, որ հիմա, ի տարբերություն նախկինի, ՌԴ-ն ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ ծրագրի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի»:

Գագիկ Մակարյանը նշեց, թե հանգիստ է, որ Եվրոպայի հետ գործառույթները ընթանում են՝ թեկուզ առանց փաստաթուղթ ստորագրելու: Սակայն շեշտեց, թե եվրոպական շուկայում կա մեկ չափանիշ` մրցունակություն, հետևաբար այստեղ շատ աշխատանք ունենք անելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031