Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության»

Մայիս 29,2015 17:09

Հունիսի 1-7-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ հավաքվելու են Հայաստանում՝ ազդարարելու «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը:

Երթի նպատակն է առաջ մղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման։

Երթի մեկնարկը հանդիսավոր արարողությամբ կտրվի Երևանում՝ Հյուսիսային պողոտայի տարածքից՝ ժամը 16:30-ին։ Մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում հունիսի 3-ին հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով մայրաքաղաքի կենտրոնում կտնկվի աշխարհում միակ Խաղաղության ծառը։ Համաշխարհային երթը կեզրափակվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը՝ Փարիզում։ Այնտեղ նույնպես մեծ տոնախմբություն է սպասվում։

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի և հայ տիկնիկային գործիչների նախաձեռնությամբ նմանատիպ երթ անցկացվել է նաև 20 տարի առաջ: Իսկ այս երթի սկիզբը դրվել է նախորդ տարի՝ Կուբայում: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի աջակցությամբ մենք ՅՈՒՆԻՄԱ-ի միջազգային խորհրդի նիստում ներկայացրինք այս ծրագիրը, և այն ընդունվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեկշաբաթյա միջոցառումների շրջանակներում Երևան կժամանեն ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, տիկնիկային թատերական արվեստի հանրահայտ գործիչներ և տիկնիկային թատրոններ տարբեր երկրներից՝ Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից և այլն:

Հարցին՝ արդյոք հրավեր ուղարկվե՞լ է Թուրքիայի համապատասխան կառույցին, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանը պատասխանեց, որ ՅՈՒՆԻՄԱ միջազգային կառույցի կողմից բոլորին է ուղարկվել հրավեր, բայց, ամենայն հավանականությամբ, Թուրքիայից եկող չի լինի։ Թեև այն երկրները, որոնք այստեղ չեն մասնակցի միջոցառմանը, անպայման պետք է իրենց երկրում իրականացնեն նույն խաղաղության երթը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031