Լրահոս
Օրվա լրահոսը

Գուղատնտեսության փոխնախարարը մեղադրանքներ է հնչեցնում

Մայիս 29,2015 17:04

Այսօր խորհրդարանում շարունակվող 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմեց գյուղատնտեսության նախարարության աշխատակազմից հեռացված մի կնոջ մասին պատմություն`ասելով, որ ըստ այդ կնոջ հրապարակած արձանագրությունների, իրենց անարդարացիորեն հեռացրել են աշխատանքից, և իր փոխարեն ընդունել անգրագետ աշխատակիցների, որոնց կազմած արձանագրություններում բազմաթիվ սխալներ կան:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն`արձագանքելով Զարուհի Փոստանջյանի պատմությանը` վստահեցրեց, որ նախարարությունում աշխատակիցներ ընդունելիս ղեկավարվում են միմիայն ՀՀ օրենքներով, իսկ քաղծառայության մասին օրենքով աշխատողներն ընտրվում են միայն մրցութային տարբերակով. «Ես գիտեմ այդ տիկնոջը, նա փորձում է ցեխ է շպրտել մի ամբողջ համակարգի վրա, իբր իր արձանագրությունները շատ փայլուն են: Այդ տիկինը ունեցել է ուշացումներ, կարգապահական խախտումներ: Ինքն իրեն սպառեց ու ինքն իրեն ցտեսություն ասեց»: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ տվյալ տիկինը դիմել է դատարան, բայց նրա հայցը չի բավարարվել:

«Ես վիրավորված եմ, դուք վիրավորում եք մի ամբողջ նախարարություն, ասելով, թե այնտեղ անգրագետներ են աշխատում: Ես ինձ թույլ չեմ տա նման բաներ ասել պատգամավորների հասցեին՝ էթիկայից ելնելով, չէ՞ որ կան պատգամավորներ, որոնք մասնագետ չեն, բայց իրենց ասածն են պնդում: Անունը չեմ ուզում տալ, բայց մի կին պատգամավոր, հիմա պատգամավոր չի, այլ գերատեսչությունում է աշխատում, ասում էր`«չպետք է փորեք»: Ինքը տարածեց ֆիլոքսերիայի վարակը, ինքը, մի զինվորական`չարաշահեցին իրենց պաշտոնական դիրքը…Ես էլ նրան խնդրեցի`տիկին գնացեք ձեր գործով զբաղվեք, դուք ֆիլոքսերիայի մասնագետ չեք: Այնպես որ, մի վիրավորեք մի ամբողջ աշխատակազմի, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում»,- Զարուհի Փոստանջյանին դիմեց փոխնախարարը:

Զարուհի Փոստանջյանն էլ ներողություն հայցեց, եթե վիրավորել է, ու հավելեց. «Բայց այնպես էլ չէ, որ այդ հեռացված աշխատակիցը սուտ էր խոսում, որովհետև կա արձանագրություն: Վերանայեք որոշումը, նորից հետ վերցրեք նրան աշխատանքի»:

Երկխոսությանը միջամտեց քննարկմանը ներկա գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարն`ասելով, որ այդ տիկինը թույլ է տվել ներքին կարգապահական կանոնների խախտում, հետո կիրառվել է խիստ նկատողությունը, որից հետո նա հեռացվել է աշխատանքից: Այդ կինը դիմել է դատարան, բայց դատարանը չի բավարարել նրա ներկայացրած հայցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031