ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գեղամ Պետրոսյանի ներկայացրած տվյալներով, ընթացիկ տարում 2500-ից ավելի փոքր ու միջին ձեռներեցներին պետական աջակցություն է տրամադրվել:
Այսօր «Դիալոգ» ակումբում պարոն Պետրոսյանն ասաց, որ պետբյուջեից ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվել է 152.300.000 դրամ հատկացնել: Աջակցության ավելի քան 94% ուղղվել է մարզերի գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին. «Մենք էական մասնակցություն ենք ունեցել շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Ներկայումս իրականացնում ենք իրազեկման արշավ և տեղեկացնելու ենք ձեռներեցներին, թե ինչ հնարավորություններ է ստեղծում այդ օրենքի փոփոխությունը: Այս օրենքի փոփոխությունը պետության և մասնավոր հատված համագործակցության հիանալի օրինակ է»:
Խոսելով սիրիահայերի աջակցության ծրագրերից՝ ասաց, որ մինչ այսօր 78 սիրիահայերի աջակցել են՝ սկսելու իրենց գործը և 330 միլիոն դրամի չափով վարկային երաշխավորություն տրամադրել.
«Նրանք բավականին ստեղծագործ ժողովուրդ են, և սիրիահայերի՝ Հայաստան վերադարձով բիզնես միջավայրը բազմազանեցրել ենք, նոր, լավ ավանդույթներ ենք դրել»:
Բայց, ըստ նրա, սիրիահայ գործարարները ոչ միշտ են գումարները նպատակային ծառայեցնում, ըստ պարոն Պետրոսյանի, մոնիթորինգի արդյունքում պարզվել է՝ նրանց միայն 30 տոկոսն է նպատակային ծախսել գումարները.
«Մենք պարտավոր ենք իրականացնել մոնիթորինգ եռամսյակը մեկ, սակայն երբ ունենում ենք խնդրահարույց դեպք՝ ամսական կտրվածքով ենք իրականացնում այն՝ և՛ այցելությունների, և՛ հեռախոսազանգերի միջոցով»,-ասաց նա:
Ասուլիսին բավականին զայրացած եկել էին նաեւ սիրիահայ գործարարներ՝ իրենց դժգոհություններով: Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում (ԶԱԿ) իրավունք ունե՞ն իրենց գործարարության վերաբերյալ տվյալներ հրապարակել իրենց կայքում: Պարոն Պետրոսյանն էլ ասաց՝ բանկերն են տրամադրել այդ տեղեկատվությունը ու իրենք թվեր չեն նշել:
Կարդացեք նաև
Հետո գործարարները բողոքեցին, որ ՓՄՁ ԶԱԿ-ը չի օգնում իրենց՝ գործարար կապեր հաստատելու հարցում, առարկեց Գեղամ Պետրոսյանը՝վստահեցնելով, որ իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում դա անում են և բազմաթիվ անգամ արել են, միջոցառումներ, ցուցադրություններ են կազմակերպել, facebook-ում էլ համապատասխան էջ են բացել:
Ավելի վաղ սիրիահայ գործարարները դժգոհել էին Գեղամ Պետրոսյանից, որ իրենց հետ պարզապես չի ուզում համագործակցել՝ ի տարբերություն իրեն նախորդի: Գեղամ Պետրոսյանն էլ հերքեց, ասաց՝ անձնավորված պայքար է: Գործարարները նաեւ դժգոհեցին, որ արդեն տեւական ժամանակ է՝ այցելում են կենտրոն՝ Պետրոսյանի հետ հանդիպում խնդրում, բայց ավելի քան երկու շաբաթ է անցել ու ոչ մի զանգ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ