Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա` մայիսի 31-ի առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ Հայաստանում ծխախոտ օգտագործողները հանդիսանում են 16-ից բարձր տարիքային խմբում 50 տոկոսից ավելի տղամարդիկ, որոնք հանդիսանում են ամենօրյա ծխախոտ օգտագործող: Կանանց թիվը ավելի փոքր է` մինչեւ 3 տոկոս, սակայն, ըստ պարոն Բազարչյանի, երեւանաբնակ եւ մարզերում ապրող կանանց միջեւ տարբերություն կա: «Երեւան քաղաքում տարիքային խմբեր կան, որտեղ ծխախոտի օգտագործումը հասնում է 7-8 %-ի»: Նա ասաց, որ 13-15 տարեկան ծխախոտ օգտագործողները միայն տղաներն են:
Պարոն Բազարչյանն ասաց, որ հայաստանաբնակ դեռահասները ծնողների կողմից ավելի շատ են վերահսկվում, քան արտերկրում, ուստի մեր երկրում ինտենսիվ սկսում են ծխել, երբ որ գնում են բանակ կամ` սովորելու:
Այն հարցին, թե ծխախոտի հետ կապված ի՞նչ հիվանդությունների ռիսկեր կան, Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ ծխախոտի մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել նաեւ քաղցկեղի մասին: «Վիճակագրությունը այնպիսին է, որ տղամարդկանց շրջանում գերակշիռ մասը ունի թոքի քաղցկեղ` տարեկան 1000 դեպքից ավելի գրանցվում է ծխախոտի հետեւանքով թոքի քաղցկեղ: Միզապարկի քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների համար եւս լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում ծխախոտը»:
Պարոն Բազարչյանը նաեւ ասաց, որ Հայաստանում միջին ծխող մարդը օրական ծխում է 15-17 գլանակ, իսկ կանանց մոտ մի փոքր ավելի ցածր է ցուցանիշը: Նրա ասելով` Հայաստանում տարեկան սպառվում է 5 միլիարդ գլանակ ծխախոտ:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից էլ` առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչության տնօրենի տեղակալ Գոհար Փանաջյանը տեղեկացրեց. «Եվրասիական միասնական տնտեսական տարածքի անդամ երկրներում մշակվում է միջազգային համաձայնագիր, նաեւ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են ծխախոտային արտադրատեսակների վնասակարարության մասին էսքիզները, մակնշումները, թե ի՞նչ հնարավոր վտանգներ կարող են դրանք պարունակել եւ ծխախոտի տուփերի վրա տեղակայվող դրանց պահանջները»:
Aravot.am-ը տարբեր տարիքային խմբի մարդկանց շրջանում հետաքրքրվեց, թե արդյոք ծխում են եւ ի՞նչ հաճախականությամբ:
17 տարի ինտենսիվ ծխող Զաքարն ասաց, որ արդեն 3 տարի է չի ծխում, իսկ 57-ամյա Սամվելը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրապես չի ծխում: Չծխող այլ քաղաքացիներ էլ հանդիպեցինք, որոնցից ոմանք խոստովանեցին, որ հիվանդության պատճառով են թողել ծխելը. «Սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունեի, բժիշկները արգելեցին, էլ դեղերով, էլ կամքի ուժով ինձ ստիպեցի չծխել: Օրական 1-1,5 տուփ ծխում էի, մինչեւ թողեցի ծխելս կես տարի տեւեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 54-ամյա Մարտինը:
Մայրաքաղաքի մի քանի խանութներում հետաքրքրվեցինք, թե ամենաշատն ի՞նչ արժողությամբ ծխախոտն են նախընտրում մեր սպառողները: Ըստ վաճառողների` հիմնականում միջին գնի` 300-400 դրամ արժողությամբ ծխախոտներն են սպառվում: Մեկ այլ խանութի վաճառողներից մեկը` Անդրանիկը, որը 30 տարվա ծխող է, ասաց, որ հիմնականում 300-500 դրամ արժողությամբ ծխախոտ է վաճառում, ինքն էլ օրական մեկ տուփ ծխում է. «Թանկ սիգարետները առնում են երեկոյան ժամերին»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
5 միլիարդը բաժանենք 20 -ի բազմապատկած 300 դրամով բաժանենք 500-ի կստանանք 150 միլիոն դոլար: Այդքան փող մեր հայրենասեր ազգը ամեն տարի վառում է վնասելով առողջությունը: Հապա հաշվեք ինչեր կարելի էր անել այդքան միջոցներով… Հաշվարկներից երևում է նաև որ մեր բնակչության իրական թիվը կրկնակի պակաս է ներկայացվողից: