Համահայկական համաշխարհային խաղերն ավանդույթի համաձայն անցկացվում են բացառապես հովանավորների աջակցությամբ:
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած համատեղ նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Համահայկական խաղերը կարեւոր մարզական եւ պետական միջոցառում է, որի ժամանակ սփյուռքում բնակվող հազարավոր երիտասարդներ են գալիս Հայրենիք: Համահայկական խաղերն ամրապնդում է Հայրենիք-Սփյուռք-Արցախ միասնությունը սպորտի միջոցով: Ուստի ՀԱՕԿ-ը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է աշխատեն համատեղ եւ անեն հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք զգան Հայրենիքի ջերմությունը, որպեսզի Հայրենիքի մասին իրենց պատկերացումներն ավելի տպավորիչ լինեն ու ամրապնդվեն:
Գագիկ Ծառուկյանը նիստում հայտարարեց. «Պարոն Զաքարյան: Ես, որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ կողմից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին տրամադրում եմ 50 միլիոն դրամ: Եթե խնդիրներ առաջանան եւ անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ էլի աջակցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ