ԲՀԿ-ն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնագետների հետ մոնիթորինգ է անելու Երևանի փողոցներում՝ պարզելու մուրացկանությամբ զբաղվող երեխաների կարգավիճակը: Այսօր այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Նման տեղեկություններն անհեթեթություն որակելուց առաջ ճիշտ կլիներ, որ իրենք զբաղվեին և հասկանային, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում ու գիշերօթիկներում: Եթե ինքը բացահայտորեն հերքում է այն անմարդկային վերաբերմունքի ակնհայտ դեպքերը գիշերօթիկներում, որոնք ակնհայտ արձանագրված են Մարդու իրավունքների զեկույցում, բնականաբար այս դեպքերն էլ պիտի հերքի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հերքելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Վերջինս, այսօր, խորհրդարանում ԲՀԿ-ից փաստեր էր պահանջել, որ մանկատներից երեխաների են վարձակալում`մուրացկանության համար:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ երեխաների հետ մուրացկանությամբ զբաղվող կանայք երեխաներին վերցնում են չքավոր հարևաններից, նաև կան տեղեկություններ, որ վերցնում են մանկատներից՝ հանցավոր համաձայնության գալով մանկատների ներքին խավի աշխատակազմի հետ. «Ես բարձրացրել եմ խնդիրը, ճշտելը արդեն իրենց գործն է: Հստակ փաստեր ես կարող եմ ասել՝ Աբովյան փողոցով անցեք, դուք ինքներդ մոտեցեք և հարցրեք, թե այդ երեխաները որքանով կապ ունեն այդ կանանց հետ: Եկեք միասին անցկացնենք այդ մոնիթորինգը: Իմ առաջարկը եղել է ընդամենը սա, ինչն, ի դեպ, օմբուդսմենի գրասենյակի հետ համատեղ մենք պատրաստվում ենք անցկացնել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը խոսել է նաև Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչների հետ, ներկայացրել է իր ունեցած տեղեկատվությունն այն փաստերի մասին, որոնց ականատես է եղել. «Աբովյան փողոցում ես երեխային հարցրել եմ՝ կապ ունի՞ այս կինը քեզ հետ, երեխան պատասխանել է՝ ոչ, և երեխային արագ փախցրել են: Ավելին, երեխաներից մեկն ասել է, որ ինքը մանկատնից է: Սա, կարծում եմ, բավական է, որ պատկան մարմիններն այդ փողոցում անցկացնեն մոնիթորինգ: Սա բարդ խնդիր չէ, հերքելուց առաջ ընդամենը պետք է անել մոնիթորինգ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ