Մայիսի 28-ից 29-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը: Գիտաժողովի նախաձեռնողը Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի Գեորգենի մասնաճյուղի դասախոս, դոկտոր Դեժո Գարդան էր, ով Տրանսիլվանիայի հայության վերաբերյալ մի քանի գիտական հատորների հեղինակ է:
Գիտաժողովին ներկա էին Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրա-Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Ժիգմոնտ Բառնա Պալը, մտավորականներ, լրագրողներ և տեղի հայ համայնքի ղեկավարներ:
Զեկուցումներով հանդես եկան Կլուժի և Բուդապեշտի համալսարանների, Թըրգու Մուրեշի լիցեյի դասախոսներ, պատմաբաններ և հետազոտողներ, որոնց մեջ պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը, դոկտոր Լուչիան Նաստասե-Կովաչը, դոկտոր Ժոլտ Մագյարին, դոկտոր Աթիլա Պուշկաշը, դոկտոր էմեսե Պալը, Ջուլյա Բալինտը:
Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների, թուրքական կառավարության պատասխանատվության և մարդկության դեմ այդ ոճիրի միջազգային դատապարտման և հետագա բացառման վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Այս մեծագույն չարիքի դեմ միջազգային պայքար մղելու հարցում դեսպան Գասպարյանը կարևորեց ս/թ. ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայերին, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Մարդու իրավունքների հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությունը` ապրիլի 24-ը հայտարարելու մարդկության դեմ հանցագործությունների հիշողության օր:
Կարդացեք նաև
Գիտաժողովի ընթացքում Գեորգենի քաղաքային խորհրդի և Կրթական միության անունից երախտագիտության հուշագիր հանձնվեց տեղի հայերից Յանոշ Լազարին, ում հայրը` Դենեշ Լազարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, վտանգելով իր և իր ընտանիքի կյանքը, էական օգնություն էր հասցրել ֆաշիստական ճամբարում փակված Գեորգենի հարյուրավոր հրեաներին:
Մշակույթի տանը Հայոց ցեղասպանության հիշատակին լուսանկարչական ցուցահանդես էր ներկայացնում դոկտոր Զոլտան Աբրամը:
Նույն օրը դեսպան Գասպարյանը տեղի հայ համայնքի ղեկավարներ Լասլո Կուլչարի և Գյուլա Բուշլիգի, ինչպես նաև Հունգարիայից և Հայաստանից ժամանած հյուրերի ուղեկցությամբ այցելեց Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցի և ծաղկեպսակ դրեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հուշատախտակին, որը բացվել էր ս/թ. ապրիլի 26-ին:
Տեղեկանք: Հայերը Գեորգենում հաստատվել են 17-րդ դարի կեսերին և զարգացրել այն` քաղաքը դարձնելով Տրանսիլվանիայի կաթոլիկ հայության կենտրոններից մեկը: Այսօր այնտեղ դեռևս ապրում են մոտ վեց հարյուր հայեր, գործում են հայոց եկեղեցին, հայոց ակումբը, Գեորգենի Հունգարահայ միությունը: Անցյալ տարվանից Գեորգեն քաղաքը եղբայրացել է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:
ՀՀ ԱԳՆ