Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ Համահայկական համաշխարհային խաղերի անցկացման համատեղ նիստ, որին մասնակցեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իշխան Զաքարյանը համառոտ անդրադառնալով խաղերի անցկացմանը վերաբերվող թեմաներին՝ նշեց, որ այս տարի դրանք արդեն գերազանցել են նախորդների ցուցանիշները: Նրա խոսքերով, կազմակերպական առումով կան նորություններ եւ անակնկալներ: Մասնավորապես, վառվելու է համահայկական խաղերի երեք ջահ: Առաջինն արդեն վառվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Սփյուռքում շրջող երկրորդ ջահի վառման արարողությունը լինելու է հունիսի 28-ին Անթիլիասում՝ Արամ կաթողիկոսի օրհնությամբ եւ երրորդ ջահը կվառվի Հայաստանի Հանրապետությունում: «Այս երեք ջահերը Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհրդանիշով մուտք կգործեն Հայաստանի Հանրապետություն եւ «Հրազդան» մարզադաշտում կվառվի Համահայկական համաշխարհային խաղերի ընդհանուր ջահը», – տեղեկացրեց Իշխան Զաքարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ