Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները ոչ թե պետք է մեկուսացված, այլ համախմբված որոշումներ ընդունեն, որպեսզի աջակցեն տնտեսությանը: Այս մասին, ըստ «Ria»-ի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Մենք հավատում ենք, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, որոշումները պետք է կայացվեն ոչ թե մեկուսանալու այլ համախմբվելու համար: Կարեւոր է, որ այդ գործը մշտապես այդպես կազմակերպվի, որպեսզի մեր երկրների եւ ֆինանսական իշխանությունները, եւ տնտեսական իշխանությունները, եւ կենտրոնական բանկերը օպերատիվորեն անցկացնեն անհրաժեշտ խորհրդակցությունները եւ, անհրաժեշտության դեպքում, կայացնեն համակարգված որոշումներ»,- մասնավորապես ասել է նա:
Եվրասիական միջկառավարական խորհրդի ընթացքում Մեդվեդեւը նշել է, թե տնտեսությանը եւ բանկին աջակցությանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են ազգային մակարդակներում, ազդում են նաեւ ինտեգրացիոն գործընթացների վրա: ՌԴ վարչապետը նաեւ ընդգծել է, որ պայմանները, որոնցում ԵՏՄ-ն սկսում է աշխատել, չի կարելի հեշտ անվանել:
«Դա անբարենպաստ տնտեսական, արտաքին տնտեսական իրավիճակն է, առաջին հերթին՝ արժութային տատանումները, ինչը ազդում է մեր տնտեսությունների վրա: Հետևաբար` այն ազդել է երկկողմ առեւտրի եւ ներդրումային համագործակցության վրա: Եվ մենք պետք է այդ հարցերը լուծենք արդեն առկա ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում»,- ավելացրել է Մեդվեդեւը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ