Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Պետությունը պետք է ՀԷՑ-ում բաժնետեր դառնա» (Տեսանյութ)

Մայիս 29,2015 15:03

«Հարցի քաղաքականացումը կտանի դեպի փակուղի, այս խնդրին պետք է մոտենալ պրոֆեսիոնալ տեսանկյունից»,-անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մտադրության դեմ քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաներին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Այսօր «Տեսակետ» ակումբում պատգամավորը հարցի վերաբերյալ մի քանի լուծում առաջարկեց, որից մեկը պետության մասնակցությամբ կառավարումն էր: Այսինքն` պարոն Մելքումյանը գտնում է, որ ՀԷՑ-ի պարտքերի հարցը լուծելուց հետո պետությունը ինչ-որ մասով պետք է այս ընկերության բաժնետեր լինի, որպեսզի խորհրդի որոշումներում իր ձայնն ունենա: Ըստ նրա, այս իրավիճակից դուրս գալու համար պետությունը պետք է բանակցի միջազգային ֆինանսական կառույցների հետ, վարկ ներգրավվի, պարտատոմսեր թողարկի:

ՀԷՑ-ի պարտքն այս պահին կազմում է 250 միլիարդ դրամ, սակայն այն պարտքի չափը, որը խաթարում է ՀԷՑ-ի աշխատանքը, 24 միլիարդ դրամ է: Պարոն Մելքումյանն ասաց, որ ներկայումս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մանրակրկիտ աշխատում է, որպեսզի ձեւավորվող սակագնի մեջ չներառվեն այնպիսի ծախսեր, որոնք ընկերությունը պետք է ոչ թե սպառողի գրպանի հաշվին, այլ իր շահույթի հաշվին կատարի:

Այն հարցին, թե այսօր խոսք է գնում չարաշահումների մասին, այն է` ՀԷՑ-ը հարյուրավոր պայմանագրեր ունի թանկարժեք բնակարաններ վարձակալելու, շքեղ ավտոմեքենաների ծառայություններից օգտվելու եւ այլն, պարոն Մելքումյանն ասաց, որ հանձնաժողովն է պարտավոր կարգավորել այն նորմատիվները, որոնք սակագնի մեջ կամ սակագնից դուրս ծախսերն են սահմանում. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում՝ այս ծախսերը սակագնի մեջ մտնում է, թե ոչ: ՀԷՑ-ն ինչ-որ ծախսեր անում է, դա իր գործն է, բայց ծախսեր կան, որոնք սակագնի մեջ հաշվառվում են, ծախսեր կան, որ չեն հաշվառվում: Եթե այդ նորմատիվից դուրս ծախսեր է կատարվել, դա բաժնետերերի խնդիրն է»:

Եթե էլեկտրաէներգիան թանկանա, շղթայական ռեակցիայով կթանկանան մյուս ապրանքատեսակները նույնպես, ուստի Միքայել Մելքումյանը կարծում է, որ 24 միլիարդ դրամի համար չպետք է տնտեսությունը կրկին ցնցումների ենթարկվի ու ապրանքների շուկայում գնաճ տեղի ունենա. «Պետությունը պետք է միջամտի՝ բանակցի, որպեսզի 24 միլիարդ դրամի ծախսի հարցում օժանդակի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031