«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներն այսօր ամփոփել են նախօրեին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հանրահավաքը:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ լավ իրազեկման ակցիաների արդյունք էր հավաքված քաղաքացիների թիվը, հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ էլ միացել են ճանապարհից, երբ հարցուփորձ են արել, թե ինչ ակցիա է:
«Ոչ մի դրամ ավելի»,- այսօր «Հայացք» ակումբում շարունակեց նախաձեռնության մեկ այլ անդամ Ռիմա Սարգսյանը՝ նշելով, որ դեռ սակագնի իջեցման խնդիր կա:
Մաքսիմ Սարգսյանն էլ կարծում է՝ եթե իշխանությունը ցանկություն ունենար լուծել սակագնի խնդիրը հօգուտ ժողովրդի ու հասկանալ՝ որտեղից է գալիս խնդիրը, դատախազությունն արդեն պետք է գործ հարուցած լիներ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունից հետո. «Նախարարը փաստացի հայտարարեց հանցագործության մասին, որ ՀԷՑ-ում կան չարաշահումներ, այդ հայտարարությունը մնաց օդում, այն դեպքում, երբ մամուլում նշվում են թվեր, որոնք ՀԷՑ-ում լվացվել են»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախարարի կարծիքին, թե սակագինը 17 դրամով չի բարձրանա, Մաքսիմ Սարգսյանն ասաց., որ ՀԷՑ-ը կոնկրետ գին է թելադրել, որ հաստատվի. «Բոլորն էլ հասկանում են, որ վեց դրամը, որ հիմա շրջանառության մեջ է դրված, արդեն որոշված է: Բայց մյուս կողմից հոգեբանական խաղ էր, երբ շրջանառության մեջ դրվեց 17 դրամով թանկացումը, այդպես արեցին, որ ի վերջո թանկանա վեց դրամով, բայց մարդիկ նորմալ վերաբերվեն վեց դրամով թանկացմանը՝ համեմատած 17 դրամի հետ»:
Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հոսանքի թանկացման արդյունքում ծայրահեղ ծանր պայմաններ կառաջանան ՀՀ քաղաքացիների համար, ավելի կատաստրոֆիկ վիճակ կլինի, քան պատկերացնում ենք:
Նրա խոսքով, սակագնի թանկացման դեմ հանրահավաքներ են եղել Հայաստանի տասնվեց քաղաքում, իսկ Ապարանում ութ հոգու բերման էին ենթարկել՝ բացատրելով, թե տարածքը կեղտոտում են:
Նա նաեւ ասաց, որ առաջիկա հանրային քննարկման ժամանակ կհստակեցնեն հաջորդ քայլերը:
Նախաձեռնության անդամները նաեւ տեղեկություն հայտնեցին, որ ոստիկանությունը հրաժարվում է ներկայացնել հանրահավաքի մասնակիցների թիվը, մինչդեռ այն թիվը՝ 7000, որ իրենք էին ներկայացրել շատ չնչին է իրական մասնակիցների թվի համեմատ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ