Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը՝  մեր աղքատ երկրում 30 մլն-ի կոնյակ եւ թանկ արծաթե բաժակների ծախսի մասին

Մայիս 29,2015 13:04

Այսօր Aravot.am-ը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ սոցիալապես այսպիսի ծանր պայմաններում գտնվող երկրում իշխանավորներն իրենց թույլ են տալիս շքեղ, բավականին բարձր արժողությամբ մեքենաներ գնել՝ պետբյուջեի հաշվին, թույլ են տալիս 30 մլն դրամ արժողությամբ կոնյակ գնել, թանկարժեք արծաթե բաժակներ՝ ընդամենը հյուրերին նվեր տալու համար:

Նախարարը պատասխանեց. «Կարծում եմ, պետական կառավարման մարմինները պիտի բնականոն գործունեություն ապահովելու հնարավորություն ունենան: Իհարկե, ընդունելի չեմ համարում, երբ անարդյունավետ ծախս է լինում, բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել ընդհանրապես տվյալ ծախսի, տվյալ ծրագրի նպատակը, արդյունքները: Եթե մենք խոսում ենք պետական կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման մասին, յուրաքանչյուր ծրագրի հասցեականության մասին՝ պիտի ամբողջականության մեջ նայենք: Ես չեմ ուզի գնահատականներ տալ՝ ելնելով երեւույթի հնչեղությունից կամ մտահոգիչ լինելուց: Պիտի նայենք առարկայական: Բնականաբար, կան նաեւ ներկայացուցչական ծախսեր, որոնք պիտի կատարվեն, այլ խնդիր է, թե դրանք որքանով են նպատակային, արդյունավետ, հասցեական, սա պետք է բովանդակային նայել»:

Մեր հարցին՝ Դուք, օրինակ, նման նվերներ անո՞ւմ եք նախարարություն եկած հյուրերին՝ նախարարը պատասխանեց. «Չէ, մենք շատ սիմվոլիկ նվերներ ենք անում մեր հյուրերին, յուրաքանչյուր մարմին ինքն է որոշում դա»:

Հարցին՝ եթե բարձր դասի շքեղ մեքենաներ չգնեն պաշտոնյաները, գնեն միջին դասի մեքենաներ, ավելի արդյունավետ չի՞ լինի՝ Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Պետք է գնահատել դրանք նաեւ ծախսի արդյունավետության տեսանկյունից: Ես չեմ կարծում, որ խնդիրը վերաբերում է միայն բացառապես շքեղությանը: Փորձը ցույց է տալիս, որ համապատասխան մեքենաները, որոնք տրամադրվում են կամ գնվում են պետական մարմինների կողմից, եթե լինում են նաեւ բարձր երաշխիքային ժամկետներ՝ մինչեւ 5 տարի, դա շատ ավելի արդյունավետ կարող է լինել ծախսի տեսանկյունից, քան մեքենաներ գնել, որոնք անընդհատ վերանորոգման ծախս են պահանջում: Հարցին պետք է նայել բոլոր կողմերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031