Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանն իրենց դիրքորոշումը ներկայացրին Ռուզաննա Խաչատրյանի կողմից՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական հայց ներկայացնելու փաստի վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի՝ թերթում հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածով Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու հիմքով՝ հերքման և պատասխանի հրապարակման պահանջով:
Լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Մեջլումյանը պարզաբանեց. «Սահմանադրությամբ մարդու պատիվն ու արժանապատվությունը բարձրագույն արժեք են, մենք դիմել ենք մեր վստահորդի իրավունքների պաշտպանության համար»:
Aravot.am-ի հարցին «Հրապարակին» պատասխանի ու հերքման պահանջով նամակ ուղարկելուց հետո, ինչո՞ւ չեն սպասել մինչև մայիսի 30-ը, որպեսզի օրաթերթն այն տպագրի, փոխարենը դիմել են դատարան, պարոն Մեջլումյանը պատասխանեց. «Երբ ուղարկեցինք մեր նամակը, որով պահանջում էինք թերթին տպագրել պատասխան և հերքում, դրանից մեկուկես ժամ հետո երկրորդ նյութը տեղադրվեց արդեն թերթի կայքէջում: Սա մենք դիտարկեցինք որպես մերժողական պատասխան»:
Կարդացեք նաև
Նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը պատճառաբանեց, թե իրենց հրապարակումը եղել է մինչև իրենք կստանային նամակը, քանի որ այն ստացել են մայիսի 25-ին՝ երկուշաբթի օրը, իսկ հրապարակումը եղել է շաբաթ օրը՝ մայիսի 23-ին:
Կարեն Մեջլումյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ հիմա չեն հրապարակում: Սյուզան Սիմոնյանը պատասխանեց, թե չսպասեցին, դիմեցին դատարան:
Նա վստահեցրեց նաև, որ իրենց հրապարակած նյութը համակողմանի է, որտեղ ներկայացված է նաև Ռուզաննա Խաչատրյանի պատասխանը՝ նրա ֆեյսբուքյան էջից վերցված և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» պատասխանը: Կարեն Մեջլումյանը պատասխանեց, թե «Ռուզաննա Խաչատրյանը կոնկրետ պատասխան է ուղարկել, սակայն չկա նման պատասխան» եւ պնդեց, թե «դա համակողմանիություն չէ»:
Պարոն Մեջլումյանը նշեց, թե փոխանակ իրենց պատասխանը հրապարակեին, ընդհակառակը, երկրորդ նյութը տպագրում են նաև կայքում:
Հարցին՝ ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել, պարոն Մեջլումյանն արձագանքեց. «Չեմ ցանկանում այդ դաշտ մտնել, բայց հանցագործության տարրեր կան, բայց ես չեմ ցանկանում այս պահին խորանալ դրա մեջ»:
Aravot.am-ի հարցին՝ եթե մինչև հունիսի 30-ը՝ վաղը, «Հրապարակը» տպագրի հերքում և պատասխան, իրենք իրենց հայցը ետ կվերցնե՞ն, պարոն Մեջլումյանը պատասխանեց. «Մեր պահանջն այն է, որ հերքում ու պատասխան տպագրվի, մենք գումարային պահանջ էլ չունենք, ուստի այդ հարցը հնարավոր է քննարկենք: Ես և իմ վստահորդը գումարային պահանջ չէինք ներկայացրել, մենք չենք ցանկանում մամուլին նեղել ֆինանսապես, բայց եթե այդ լրատվամիջոցը խնդիր ունի մարդու վրա ցեխ շպրտել, այստեղ արդեն խնդիր է, ինչո՞ւ բարոյական վնասի վերաբերյալ նյութական պահանջ չներկայացնել»:
Կարեն Մեջլումյանը, դառնալով Hzham.am կայքին, ասաց, որ նրանց հայցադիմումը պատրաստ է, սակայն անհրաժեշտ է, որ հայցադիմում ներկայացնելու համար հասցե նշվի, ուստի դրա համար մտածում են դիմել դատարան, որպեսզի հետախուզում հայտարարվի և գտնեն այդ ֆեյք կայքին: Պարոն Մեջլումյանը նշեց նաև, որ Hzham.am-ի հետ կապված պարզել է, որ որպես ԱՁ գրանցված է եղել Աննա Գևորգյանը: Պետռեգիստրում եղել է նման անուն,սակայն հաշվառումից հանվել է: Կարեն Մեջլումյանը նշեց, որ իրենք պետռեգիստրում նշված հեռախոսահամարով զանգահարել են, հաղորդագրություն ուղարկել, սակայն ոչ մի պատասխան:
Պարոն Մեջլումյանը հայտարարեց, թե նշված կայքը ակնհայտ սուտ տեղեկություն է տարածել և «Հրապարակ»-ն այդ տեղեկությունները տարածել է:
Կարեն Մեջլումյանը նաև փոխանցեց, որ հայտարարություն են տարածել ավտովթարից զոհված Հովիկ Հայրապետյանի հարազատները՝ պնդելով, թե «Որոշ համացանցային լրատվամիջոցներ վերջերս ստահոդ և կեղծ տեղեկություններ են սպրդում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ վերաբերյալ»: Դառնալով ՝ Hzham.am-ին՝ հայտարարության մեջ նշվում է, որ «Մեր հանգուցյալ հոր՝ Հովիկ Հայրապետյանի ողբերգական մահը կապում են Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ, այն դեպքում, երբ նա որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ