Այսօր ԱԺ-ում լրագրողները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ինչքանո՞վ կմեծացնի սոցիալական բեռը: Նախարարը պատասխանեց, որ երբ կունենան հստակ որոշում, որ թանկանում է, այն ժամանակ էլ կտան գնահատականներ. «Այս պահին հայտը քննարկվում է: Քննարկման արդյունքում կայացված որոշումներին նոր կարող ենք անդրադառնալ: Այս պահին չկա որոշում, կա հայտ»:
Դիտարկմանը, որ ամեն դեպքում ազդեցություն կունենա աղքատության ավելացման վրա՝ նախարարը պատասխանեց. «Բնական է, ցանկացած թանկացում մտահոգում է մեզ, որովհետեւ դրա ազդեցությունն առաջին հերթին լինում է սոցիալապես խոցելի խմբերի վրա: Այս առումով հստակ է, որ պետության քաղաքականությունը եւ կառավարության գործողությունները պիտի առաջին հերթին ուղղված լինեն խոցելի խմբերի խնդիրի լուծմանը»:
Հարցին՝ սկզբունքորեն ընդունելի կհամարե՞ք սակագնի մասնակի սուբսիդավորում անապահովների համար, ինչպես գազի դեպքում եղավ՝ նախարարը պատասխանեց. «Այս պահին դրա վերաբերյալ չեմ կարող մեր եզրակացությունը տալ: Ընդհանրապես, բոլոր մոտեցումները քննարկվում են: Երբ սոցիալական ոլորտում վարվող քաղաքականության մասով ներկայացվում են համապատասխան առաջարկներ, բոլոր կողմերից է քննարկում լինում եւ դրա արդյունքում է որոշում կայացվում»: Արտեմ Ասատրյանը նշեց, որ բոլոր լուծումներն էլ ունեն դրական եւ բացասական կողմեր:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ