Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Հյուսիսային պողոտան վաղուց վերածվել է բաց թատերաբեմի. «Ազգ»

Մայիս 29,2015 12:42

Այն պահին, երբ Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք էր`«Ոչ թալանին» կարգախոսով, մի քանի քայլ այս կողմ, Հյուսիսային պողոտայի` օպերային նայող հատվածում երեկոն այլ կարգախոսների ներքո էր անցնում. նախ` կոլորիտային տեսարան էր, որին կարելի է ականատես լինել ուզած մեքսիկական երկրի մայրաքաղաքում: Մեքսիկացու արտաքինով, լատինամերիկյան ծագման երաժշտական գործիքներով, երկարամազ, միմյանցից քիչ տարբերվող արտաքինով երկսեռ երաժիշտները անվրդով եւ վարպետ կատարմամբ իրենց էթնիկ մեղեդիներն էին հնչեցնում, ստվար հայ երիտասարդներով շրջապատված, նրանց ծափերը եւ թղթադրամները վաստակելով պարբերաբար: Հարցրինք մի աղջկա` ո՞վ են, ու բավական սպառիչ պատասխան ստացանք: Ինկերի, թե իրենց կեչուա անվանող ցեղի հայտնի «Ինկասոլ» խումբն է, որը վերջին մի քանի օրը երեկոյան յոթից մինչեւ տասնմեկը բացօթյա համերգ է տալիս Հյուսիսային պողոտայում` հանդիսատեսի պակաս չունենալով, որոնցից շատերն առատաձեռնորեն թղթադրամներ էին նետում հատուկ սարքված փողատուփի մեջ: Խումբն, ըստ գիտակ հանդիսատեսի, ճանաչված է, իսկ մեղեդիները, մենք կարող ենք վկայել, հմայիչ ու կլանող էին:

Բա, մեր Հյուսիսային պողոտան վաղուց վերածվել է բաց թատերաբեմի, ու դրա մեջ գուցե հպարտանալու բան էլ կա` ինչո՞վ ենք պակաս եվրոպական մայրաքաղաքներից, որտեղ երեկոյան փողոցային համերգները, ընդ որում` պրոֆեսիոնալ երաժիշտների, առօրյայի մաս են դարձել: Կրկին նայելով հանրահավաքի կողմը, որի ձայնը ինկերը իրենց հիանալի գործիքներով ու նույնքան հիանալի մեղեդիներով խլացնում էին, հասկացանք, որ սրանք զուգահեռ իրականություններ են, որի հերոսները իրար չեն լսում եւ չեն տեսնում:

Հյուսիսային պողոտան երեկոյան առհասարակ վերածվում է մի բեմի, որտեղ երեւում է հասարակության ողջ դեմքը. «Ինկասոլին» հաջորդում էին մի քանի օրահաց նկարիչներ` որոնք դիմանկարի պատվերներ էին կատարում հենց տեղում: Բոլոր սրճարաններն այնքան լի էին երիտասարդ, լավ հագնված մարդկանցով, որ մի բաժակ սուրճ խմելու համար երկար պետք էր ազատ սեղան փնտրել: Այդ երիտասարդությունը նստած է ինքնավստահ, իրենց անելիքն իմացող մարդկանց կեցվածքով, ոչ մի բանի վրա չզարմանալով ու ոչ մի առիթով ավելորդ, իրենց արեալից դուրս զգացմունք չդրսեւորելով:

Հետո սկսվում են հասարակության տարբեր շերտերի «ցուցափեղկերը»` դուդուկով մեկը ապարդյուն փորձում է Կոմիտասի մեղեդիներից մեկը աղմուկի մեջ մարդկանց ականջին հասցնել: Վերջինիս խանգարում է մի քիչ ավելի հեռու անկանոն հնչող ակորդեոնի ձայնը, որի տիրոջ շորերից ու ծռմռված կոշիկների ծայրերից կարելի է եզրակացնել, թե չստացված այդ ակորդեոնահարը առնվազն այդ օրը ոչինչ կերած չի լինի: Նրա ոտքի մոտ թերթից սարքած մի այնպիսի գլխարկ կար, որ մենք սարքում էինք մանկության տարիներին` հաճախ լրջորեն կրելով դրանք արեւի դեմ:

Հյուսիսային պողոտան, ինչպես ասում են, ոչ մեկի արցունքներին չի հավատում, այստեղ ուրիշ ժամանակ է, մշտական տոնի մեջ գտնվող զուգահեռ աշխարհ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031