«Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները: Եթե կա նման փաստ, պետք է ներկայացնեն: Ես դա համարում եմ հաղորդում՝ հանցագործության մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ պատգամավորների աղմկահարույց հայտարարությունը, որ մանկատներից օրավարձով երեխաների են վերցնում՝ մուրացկանության համար աշխատեցնելու նպատակով:
Նախարարն ասաց, որ պատկան մարմինները պետք է արձագանքեն այդ հայտարարությանը:
Մեր հարցին՝ բացառո՞ւմ եք նման բան՝ նախարարը հստակ հայտարարեց. «Բացառում եմ նման բան»:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ այդ երեխաներին հատուկ քնաբեր դեղեր են տալիս, որ քնեն եւ չխանգարեն մուրացկանության ժամանակ՝ նախարարն ասաց, որ մուրացկանության խնդիրներով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք իրականացնում են իրենց գործառույթները:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ, փաստորեն,չեն իրականացնում՝ Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Միգուցե արդյունավետության բարձրացման խնդիրներ կան, բոլորիս մտահոգիչ: Եթե որեւէ մեկն ունի կոնկրետ փաստ, շատ լավ կլինի, որ համագործակցի համապատասխան մարմինների հետ կոնկրետ փաստերով»:
Մեր դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կոնկրետ մանկատների անուններ գիտի, այնպես չի, որ օդում է ասվում՝ նախարարը պատասխանեց. «Մնում է տրամադրի դրանք: Եթե որեւէ տեղեկատվություն կա՝ ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալու, որովհետեւ դա համարում եմ ամենավտանգավոր երեւույթը: Եթե այդպիսի բան հաստատվի, կլինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան՝ մեր հաստատություններում: Եթե չկան փաստեր, դրանց վերաբերյալ հայտարարություն անելը ես անթույլատրելի եմ համարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ