Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց իր ոլորտի 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ «Վերջերս բավականին հնչեղություն ստացավ խոպանչիների՝ արտագնա մեր աշխատողներին հարկային արտոնություններ տալու օրենքը: Եթե արտագնա աշխատողը ռեզիդենտ է, բայց նպաստառու է միաժամանակ, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե՞ ստանալու է»:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ դա կախված է՝ ընտանիքն ինչ եկամուտ ունի: Եթե դա ֆորմալ եկամուտ է, պայմանագրային աշխատանք, բնական է, որ դա ազդեցություն պիտի թողնի:
Կարդացեք նաև
ԲՀԿ Վահան Բաբայանն էլ հարցրեց՝ ՀՀ-ն ԵՏՄ անդամակցությունից հետո, իր կենսաթոշակային համակարգում ունենալով տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որեւէ արտոնություն, փոփոխություն, հետաքրքիր առաջարկություններ կա՞ն այդ համակարգում: Կլինի՞ փոփոխություն, օրինակ, ներքին գործերի կամ պետական անվտանգության ոլորտում աշխատած քաղաքացիների համար, որ այլ հնարավորություններ տան, որովհետեւ հասարակության մեջ նմանատիպ խոսակցություններ պտտվում են:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ներկայումս նոր նախագիծ են մշակում այդ առնչությամբ. «Նախատեսվում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակահատվածի համար վճարումները: Անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է այդ մարդը, սոցիալական երաշխիքներ պետք է կիրառվեն համապատասխան մեխանիզմներով»:
Վահան Բաբայանը նաեւ հարցրեց՝ այն ընտանիքներին, որտեղ մարդիկ մահանում են, 200 հազար դրամ միանվագ օգնություն եք հատկացնում, մարդիկ դեպքեր են պատմում, որ այդ գումարներն ուշանում են, բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկնում: Ինչքա՞ն ժամանակում պետք է ստանան այդ գումարներն օրենքով, ո՞վ է վերահսկում եւ ինչքա՞ն մարդ է ստացել այդ գումարները 2014-ին:
Նախարարը պատասխանեց, որ նախորդ ամսվա ընթացքում ընդունված բոլոր դիմումների համար հաջորդ ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած վճարվում են: Հիմա նախարարությունը քննարկում է, որ մարդիկ բանկերից ստանան գումարներ՝ 3 օրվա ընթացքում: Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2014-ի արդյունքներով՝ շուրջ 24 հազար 600 մարդու մահվան կապակցությամբ վճարվել է այդ նպաստը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ