Մի պահ վերանանք «պատմության դասերից» ու մայիսի 28-ի տոնակատարություններին նայենք կողմնակի հայացքով։ Ահա Սարդարապատի հուշահամալիրը՝ չորսբոլորն անմշակ հողեր ու կիսադատարկ գյուղեր (Արարատյան դաշտում հողը բերրի է, բայց գյուղերում համարյա տդամարդ չկա՝ բոլորը խոպանում են, որովհետեւ հողը կերակրում է միայն խոշոր հողատերերին): Եվ ահա այդ կիսաամայի տարածքում հայտնվում են մի քանի հարյուր կերած-խմած պաշտոնյաներ՝ ամեն մեկն իր հարյուր հազարանոց ջիպով ու մի քանի հազարանոց կոստյումով, ու մինչ «ախռանան» հետեւում է, որ մերձակա գյուղերի չքավորները հանկարծ չմոտենան ու իրենց դժգոհություններով պայծառ օրը չհարամեն՝ իրենք նախագահի հուզիչ ճառն են լսում ու իրար ականջի թեքվելով՝ պայմանավորվում, թե որ օբյեկտում են նշելու «ազգի վերապրումի եւ վերակերտումի տոնը»։
Խոսքը սոցիալական անարդարության մասին չէ. բոլոր երկրներում էլ կան հարուստներ ու աղքատներ, եւ այնպես չէ, որ հարստությունն արատ է, իսկ աղքատությանը՝ առաքինություն։
Խոսքն այն մասին է, որ Առաջին հանրապետության տոնը նշում են նրանք, ովքեր «վարի են տվել» Երկրորդ հանրապետությունը, ավելին՝ ազգի միաբանվելու մասին խոսում են նրանք, ում ագահության պատճառով երկրի բնակչության կեսը հասել է չքավորության եզրին ու «գլուխը պրծացրել»՝ փախչելով երկրից։ Իրենք «գաղջը» ստեղծել են, ու «գաղջի» մեջ կանգնած՝ պայծառ տոն են նշում։
Եվ վախենալու բան էլ առանձնապես չունեն՝ «նոր Սարդարապատ» կարծես թե չի սպասվում (ՀԱՊԿ-ը ժամանակ առ ժամանակ նման հավաստիացումներ է տալիս), ընդդիմությունն էլ թուլացած է։ Այնպես որ՝ կարելի է հանգիստ ըմբոշխնել «վերակերտումի քյաբաբը»։ Իսկ երկիրն ինչքան ուզում է՝ թող դատարկվի։ Մնում են Հայաստանում, որ ի՞նչ անեն։
Կարդացեք նաև
Ճիշտ է, դեռեւս բաց է մնում Ղարաբադի հարցը, բայց չէ՞ որ Զորի Բալայանի հայտնի նամակն արդեն գրված է, իսկ մնացածը՝ հասցեատերը ոնց ասի։ Չէ՞ որ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիները պիտի որոշեն, եւ ով կասի, որ Զորի Բալայանը ղարաբաղցի չէ՝ թող առաջին քարն ինքը նետի:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում