Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Սեպտեմբերի 3-ի որոշումը ճիշտ էր». «Հայոց աշխարհ»

Մայիս 29,2015 11:10

Պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համոզմամբ՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը եւս մեկ անգամ համոզիչ կերպով ցույց տվեց, որ Հայաստանի դիրքորոշումը՝ լինելով ԵԱՏՄ անդամ, շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ այնքանով, որքանով դա չի հակասում եվրասիական ինտեգրման շրջանակներում ստանձնած մեր պարտավորություններին, այլընտրանք չունի

-Սեպտեմբերի 3-ի որոշումը ճիշտ էր՝ Հայաստանը, պաշտպանելով իր շահերը, ընտրեց եվրասիական ինտեգրման ճանապարհը, միաժամանակ շարունակեց համագործակցել Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ որեւէ մեկից հետ չընկավ։

Հակառակը, ստացավ մեծ առավելություններ արեւելյան մյուս գործընկերների հանդեպ, ի հեճուկս հոռետեսական «կանխատեսումների», թե Եվրոպայի հետ մեր համագործակցությունն այլեւս վերջացած է։ Սա վառ օրինակ է, թե ինչպես պետք է պաշտպանել պետության շահերը՝ համատեղելով այդ շահերը գլոբալ գործընթացների հետ։

  -ԱլԳ շրջանակներում մեր համագործակցությունն ինչ-որ տեղ խորհրդանշական բնույթ չունի՞, նկատի ունենալով սահմանափակումները, որ ԵԱՏՄ անդամակցությունը, ուզենք թե չուզենք, դնում է մեր առջեւ։

-Բնականաբար կան սահմանափակումներ, որովհետեւ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հիմնական նպատակը, վերջին հաշվով, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալն էր։ Քաղաքական մասը, որ պետք է ստորագրվեր, որեւէ նոր բան չէր պարունակում՝ ըստ էության կրկնում էր այն հանձնառությունները, որ Հայաստանը ստանձնել էր՝ դառնալով Եվրախորհրդի անդամ. մարդու իրավունքներ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, դատաիրավական համակարգի բարեփոխումներ եւ այլն, այսինքն՝ նույն արժեքային համակարգը, որ դրված է ԱլԳ ծրագրի հիմքում։

Բայց Ասոցացման համաձայնագրով Հայաստանն իր ապագան կապում էր Եվրոպայի հետ՝ փակելով ճանապարհը դեպի Ռուսաստան։ Եվ ի՞նչ էր ստանալու դրա դիմաց. եվրոպական ապրանքները անարգել գալու էին Հայաստան, իսկ հայկական պատրաստի արտադրանքը չէր կարող մտնել եվրոպական շուկա, այն պարզ պատճառով, որ չէր համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Մեր ապրանքները մրցունակ դարձնելու համար պահանջվում էին հսկայական ներդրումներ։ Մենք ո՛չ դրա ժամանակը ունեինք, ո՛չ էլ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները։
Արդյունքում Եվրոպան ստանալու էր ազատ առեւտրի գոտի Հայաստանում, իսկ Հայաստանը կորցնելու էր ռուսական շուկան։ Ո՞ւմ շահերից էր դա բխում։ Իհարկե՝ ո՛չ Հայաստանի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031