Լոզանում ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագիրը սկիզբ դրեց մի շարք քաղաքական գործընթացների թե մեր տարածաշրջանի կտրվածքով, և թե միջազգային ասպարեզում: Այս գործընթացները, բնականաբար, չեն կարող անհետևանք մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների համար:
Հաշվի առնելով ՀՀ-ի դրական հարաբերությունները Իրանի հետ՝ Լոզանի համաձայնագիրը հսկայական ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անցած ամսվա ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին առ այն, որ միջուկային համաձայնագիրը կտրուկ կխթանի Հայաստանի տնտեսական համագործակցությունը Իրանի հետ: Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի մոտ 5% է բաժին ընկել ԻԻՀ-ին, ընդ որում՝ երկու երկրների առևտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ կազմում է ընդամենը 291 մլն դոլար: Այդ գումարից ընդամենը 84,6-ն է բաժին ընկել Հայաստանից արտահանմանը:
Մյուս կողմից՝ չնայած արևմտյան պատժամիջոցների առկայությանը՝ արևմուտքը անցած տարիների ընթացքում Իրանի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի հանդեպ բավականին տոլերանտ քաղաքականություն է վարել՝ հաճախակի աչք փակելով հայ-իրանական համագործակցության վրա և դրանով իսկ տեղի տալով Ադրբեջանի կողմից մշտական քննադատական հայտարարությունների առ այն, որ Հայաստանը խախտում է արևմտյան պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Մասնավորապես 2012 թվականին աղմուկ-աղաղակ էր բարձրացել Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իբրև թե Իրանի հետ անօրինական բանկային գործարքներ անելու շուրջ:
Լոզանի համաձայնագրի շուրջ առաջացած ոգևորությունը հիմք տվեց նաև ենթադրությունների առ այն, որ պատժամիջոցների վերացումը Հայաստանը կդարձնի կապող օղակ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև: Այս ենթադրությունները անհիմն են նախ և առաջ մի պարզ պատճառով՝ Հայաստանը չունի ցամաքային սահման ԵՏՄ երկրների հետ: Միանշանակ Կասպից ծովով բեռնատար նավերով փոխադրումները ավելի էֆեկտիվ լուծում են, քան թե նեղ լեռնային ճանապարհով և միության անդամ չհանդիսացող Վրաստանով փոխադրումները: ԵՏՄ անդամ երկու խոշոր պետությունները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը միանշանակ ավելի խելամիտ տարբերակ կհամարեն Իրանի հետ առևտրի համար: Բացի այդ՝ եթե անգամ Հայաստանը տրանզիտային երկիր լիներ ԵՏՄ-ԻԻՀ առևտրային կապերի համար, դեռևս պարզ չէ, թե դրանից ի՞նչ շահ էր ստանալու Հայաստանը, եթե Հայաստանի սահմանին մաքսազերծումներից ստացված գումարները միևնույնն է գնում են ԵՏՄ կենտրոնական բյուջե: Սակայն ներկայիս պայմաններում, երբ Հայաստանի տնտեսական համագործակցությունը կարգավորվում է ԵՏՄ-ից, որի գլխավոր երկրին՝ Ռուսաստանին, կայուն տնտեսություն, և հետևաբար նաև՝ քաղաքական ազատություն ունեցող Հայաստան պետք չէ, ապա հարց է ծագում՝ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների սերտացումը ո՞րքանով է Երևանի և Թեհրանի երկկողմանի որոշումը լինելու:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն, որ նախկին 5 տարիների ընթացքում Հայաստանը Իրանից ավելի շատ գնել է, քան վաճառել սեփական արտադրանքը, և ԵՏՄ-ԻԻՀ միջև կապող օղակ դառնալու քիչ հավանական լինելը հարց է ծագում, թե ո՞րքանով են իրատեսական Լոզանի համաձայնագրի հետ հայկական կողմի կապած հույսերը:
Իրանի պատժամիջոցների վերացումը միանշանակ դրական կանդրադառնա Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի աճի վրա: Անցած տարիներին Հայաստանը իրանցիների նոր տարվա՝ Նովռուզի արձակուրդների անցկացման համար ամենահարմար վայրերից մեկն է դարձել՝ շնորհիվ ցամաքային սահմանի առկայության և մշակութային տարբերությունների: Հաշվի առնելով ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման արդյունքում իրանցիների համար դեպի Վրաստան մուտքի վիզայի վերականգնումը և պատժամիջոցների վերացման արդյունքում Իրանում սպասվող տնտեսական աճը (հետևաբար՝ հասարակ քաղաքացիների եկամուտների աճը)՝ առավել հավանական է այն, որ Հայաստանի զբոսաշրջությունը շոշափելի օգուտներ կքաղի Լոզանի համաձայնագրից, քան թե ՀՀ արտաքին առևտուրը:
Հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն ճյուղը էներգետիկայի ոլորտն է: Այսօր Հայաստանը Իրանից նավթ չի ներմուծում, սակայն ներմուծում է գազ և արտահանում էլեկտրոէներգիա: Հայաստանի և Իրանի համագործակցությունը գազի ոլորտում դիտարկել որպես երկկողմանի համագործակցություն մի քիչ բարդ է: Այն ավելի շուտ եռակողմ է՝ Հայաստան, Իրան և Ռուսաստան: Իրանից Հայաստան ներմուծվող գազամուղի հաստությունը, իրանական գազի Հայաստան ներմուծվել-չներմուծվելը որոշվում է Մոսկվայի թույլտվությամբ՝ «Հայռուսգազարդի» կողմից, որի բաժնետոմսերը 2013 թվականի դեկտեմբերից ամբողջապես պատկանում են ռուսական կողմին: Ավելին՝ անգամ Հայաստանի գազամատակարարման ոլորտը բարեկարգելու համար Իրանի կողմից ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհները տնօրինվում են «Հայռուսգազարդի» կողմից: Այսպես, օրինակ, վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից անցկացված հետաքննությունը պարզել էր, որ 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրել է 2 միլիոն դոլար դրամաշնորհ, որպեսզի գազամատակարարման ցանց կառուցվի Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար: Այդ գումարը, սակայն, անհետ կորել է՝ Մեղրին ու Ագարակը թողնելով առանց գազամատակարարման: Նմանօրինակ պայմաններում դժվար է ակնկալել, որ գազի ոլորտում Լոզանի համաձայնագիրը որևէ դրական փոփոխության կհանգեցնի, քանի որ նախքան պատժամիջոցների հետ համաձայնագիրը և ներկայումս էլ Հայաստան-Իրան գազային համագործակցությանը ոչ թե արևմտյան պատժամիջոցներն էին խանգարում, այլ՝ ՌԴ շահերը և քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:
Լոզանից հետո Հայաստանի ներսում մի շարք մարդիկ հնչեցնում էին կարծիքներ այն մասին, որ Հայաստանը Վրաստանի հետ միասին կարող է դառնալ տրանզիտային երկիր իրանական գազը արևմուտք արտահանելու ճանապարհին: Իրանի հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ բավականին կայուն են, և ՀՀ տարածքով դեպի արևմուտք գազամուղ տանելը կարծես թե խելքին մոտ է թվում, սակայն նմանօրինակ «երազանքները» անիրականանալի է մի շատ կարևոր պատճառով: Իրանական գազը ԵՄ-ի համար ռուսական գազի ալտերնատիվան է, իսկ Հայաստանի գազային ոլորտը բացարձակ կախման մեջ է գտնվում Ռուսաստանից:
Լոզանի համաձայնագրի ստեղծած քաղաքական գործընթացները այսօր մի շարք հարցեր են առաջացրել Հայաստանում, սակայն մի բան պարզ է՝ չափից դուրս մեծ հույսեր կապել Իրանի հետ ՀՀ-ն այսօր չի կարող երկու հիմնական պատճառով՝ նախ, որովհետև հայ-իրանական տնտեսական համագործակցությունը այսօր էլ առանձնահատուկ չի առնչվում Իրանի տնտեսության՝ պատժամիջոցների տակ հայտնված ոլորտների հետ, և երկրորդ, որովհետև Ռուսաստանը այս պահին ունի բավարար լծակներ կանխելու համար ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների կտրուկ ընդլայնումը: Այս լծակները Ռուսաստանը անկասկած կկիրառի, որովհետև Երևան-Թեհրան սերտ հարաբերությունները չեն բխում ՌԴ շահերից և կարող են թուլացնել ռուսական դիրքերը Հայաստանում, իսկ ինչպես տեսանք Սիրիայի Տարտուսի և Ղրիմի դեպքում, Ռուսաստանը չի սիրում, երբ իր ռազմական բազաների դաշտ հանդիսացող երկրները երրորդ կողմի հետ մերձեցման կամ ինքնուրույնության դրսևորումներ են կատարում: Այս կանոնը գործել է և կգործի նաև Հայաստան-Իրան հարաբերությունների հարցում՝ անկախ Լոզանի համաձայնագրից և պատժամիջոցներից:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների միավորում»