Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿՆԵՐ

Մայիս 29,2015 10:24

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներորդ

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿՆԵՐ

Էդ օրերին  Երեւանի օդն առավոտից իրիկուն Ղարաբաղով էր ներծծված, եւ չնայած դեռեւս չէինք կռահում, որ աչքներիս առաջ Սովետը հիմնավորապես ու հիմնովին է փլուզվում, այդուհանդերձ, գրականությունն ու պոեզիան իրենց տեղն արդեն հիմնավորապես էին քաղաքականությանն ու հայրենասիրությանը զիջել, եւ ամբողջ օրը գլխավոր խմբագրի իմ կաբինետից բացակայելով՝ ավելի շատ Ազատության հրապարակում էի լինում, եւ Ղարաբաղյան շարժման օրերին Հովհաննեսի  շրջապատն ահագին նոսրացել էր, որովհետեւ Հովհաննեսի ջահելներից  շատերը Շարժման առաջին գծում էին, եւ երբ պատերազմն սկսվեց, Հովհաննեսի շրջապատն ավելի նոսրացավ, եւ Հովհաննեսի ջահելներից առաջինն Անդոն անհետացավ, եւ շուտով իմացանք, որ բանաստեղծ Անդոն Բերդաձորում ոչ թե շարքային զինվոր է, այլ՝ արդեն հայտնի հրամանատար, եւ պատերազմի հատկապես առաջին օրերին Հովհաննեսը փշերի վրա էր եւ իր տեղը ոչ մի կերպ չէր գտնում՝ ոչ սրճարանում եւ ոչ էլ Ազատության հրապարակում, եւ հետո իմացա, որ դերասան Թուխիկյան Լեւոնի հետ մտել էին ՀՀՇ ու Վանոյից զենք էին պահանջել, եւ Վանոն մերժելով ասել էր՝ «Աստված չանի՝ հերթը ձեզ հասնի», եւ չնայած իրենց մասին էսպես գրելով հիշում եմ, իմ մասին էդ օրերի հետ կապված շատ քիչ բան եմ հիշում. իմ  մասին հիշում եմ, որ երբ պատերազմն սկսվեց, ես արդեն Թումանյանի թանգարանի տնօրենն էի, ու մեկ էլ էն եմ հիշում, որ ես, ի տարբերություն Թուխիկյան Լեւոնի ու Հովհաննեսի, ոչ միայն պատերազմին մասնակցել չէի ձգտում, այլեւ խուսափում  էի մասնակցությունից, ընդ որում՝ միանգամայն գործնականորեն էի խուսափում, որովհետեւ, ի տարբերություն Թուխիկյան Լեւոնի ու Հովհաննեսի, ես էդ պահին  քառասուն տարեկան էլ չկայի, եւ քանի որ պատերազմ էր ու մինչեւ քառասունհինգը տանում էին, ինձ էլ կանչեցին, բայց ես ոչ թե ռազմադաշտ գնացի, այլ ընդամենը՝ զինկոմիսարիատ, եւ զինկոմիսարիատ ներկայանալով՝ իրենց տեղեկացրի, որ հիմնարկի տնօրեն եմ եւ օրենքով ազատված եմ բանակից ու պատերազմից, եւ իրենք ինձ ասացին, որ տնօրեն լինելս գիտեն, բայց մտածում էին՝ ռազմական ունակություններս ու գիտելիքներս ի նպաստ կարող էի բերել մեր ազգային բանակին, եւ ես իրենց ակնարկը  կռահելով ու հասկանալով՝ իրենց բացատրեցի,  որ Սովետական բանակում որպես նկարիչ եմ ծառայել եւ ռազմական ունակություններ ու գիտելիքներ բացարձակապես չունեմ, եւ չնայած զինգրքույկիս մեջ անվանս դիմաց գրված էր старший стрелок, կյանքումս զենք ու ավտոմատ բռնած չկայի, եւ հիմա նաեւ մտածում եմ, որ զինգրքույկիցս տեղեկանալով, որ Սումգայիթում եմ ծառայել, զինկոմիսարիատում մտածել էին, որ նաեւ ռեգիոնալ իմաստով եմ պիտանի, բայց էս բաները հիմա եմ միայն էսպես մտածելով ենթադրում, մինչդեռ պատերազմի օրերին, ի տարբերություն Թուխիկյանի ու  Հովհաննեսի, պատերազմին մասնակցելու  մասին ընդհանրապես չէի մտածում, եւ չնայած նախորդ հատորներիս մեջ իմ ու ուրիշների դասալքությանը բազմակողմանի ու մանրամասն անդրադարձել եմ, էս անդրադարձս էլ  ավելորդ չեմ համարում, որովհետեւ ամեն անգամ իմ ու ուրիշների դասալքությանն անդրադառնալով՝ նորանոր դրվագներ եմ հիշելով ավելացնում, եւ էս անգամ էլ Թուխիկյանի ու Հովհաննեսի հետ կապված որոշակի դրվագ հիշեցի, ինչպես նաեւ՝ Բերդաձորի Անդոյի զինվորագրումն ու հրամանատարությունը, եւ էս առումով Պարկետչիկ Հրաչին էլ պիտի անդրադառնամ, որովհետեւ պատերազմի հենց առաջին օրերին Հրաչը հանկարծակի անհետացավ, եւ բոլորս անմիջապես կռահեցինք, որ Անդոյի գնացած ճանապարհով գնացած կլինի, եւ միայն Չուգունն էր, որ պնդում էր թե՝ Հրաչը Ռուսաստան ու խոպան է գնացել, եւ երբ հերթական անգամ Չուգունն իր էդ կարծիքը բարձրաձայնեց, Հովհաննեսը Չուգունի վրա էնպես գոռաց, որ վերջինս էդ օրվանից Հրաչի անունն այլեւս չտվեց, ավելի ճիշտ՝ ենթադրում եմ, որ էդ օրվանից հետո Հրաչի անունը տված չի լինի, որովհետեւ Հովհաննեսը Չուգունի վրա գոռալով՝ բռունցքով էնպես հարվածեց սեղանին, որ մեր բաժակներն ընկան հատակին ու ջարդուփշուր եղան, եւ երբ Չուգունը վեր կացավ եւ ուզում էր կտորտանքները հավաքել, Հովհաննեսը վրան գոռաց՝ «տե՛ղդ նստի», եւ, հիշում եմ, երբ հավաքարարը մոտեցավ, Խչեյան Լյովը  հավաքարարի գոգնոցի գրպանը նախ մանեթանոց խցկեց, հետո մի հատ էլ երեքանոց խցկեց ու ասաց՝ «էս էլ բաժակների համար», ու էդ օրվանից սկսած՝  հազվադեպ էինք Հրաչի թեման շոշափում, չնայած Հովհաննեսը ժամանակ առ ժամանակ բաժակը բարձրացնում ու մրմնջում էր՝ «Հրաչիս կենացը», ու մենք լուռ խմում էինք, եւ երբ պատերազմը պրծավ, մենք սպասում էինք, որ ուր որ է՝ Հրաչը կհայտնվի, բայց Հրաչը չէր հայտնվում, ու մենք մեր հոգիների խորքերում ուզում էինք, որ Չուգունի տարբերակը եղած լինի, այսինքն՝ Հրաչը պատերազմի հետ ոչ մի կապ ունեցած չլինի եւ Ռուսաստան խոպան գնացած լինի, բայց էդ իմաստով մեր հույսը չափազանց աղոտ էր՝ ոչ միայն էն պատճառով, որ պատերազմի օրերին Հրաչին Ղարաբաղում, այնուամենայնիվ, տեսնողներ եղել էին, այլեւ էն պատճառով, որ բոլորս էլ ներքուստ համոզված էինք, որ եթե Հրաչը ողջառողջ Ռուսաստաններում ու խոպաններում լիներ, կզանգեր կամ իր մասին որեւէ ձեւով իմաց կաներ, եւ երբ էդ մասին արտահայտվում էինք, Հովհաննեսն ասում էր՝ «կարող ա ընենց հեռավոր ու խուլ տեղ ա, որ հեռախոս չկա», եւ հիշում եմ, երբ Հովհաննեսն էդ ասաց, Չուգունն ասաց՝ «անցած անգամ էլ էր շատ հեռավոր ու խուլ տեղ, բայց համարյա ամեն շաբաթ զանգում էր», եւ Հովհաննեսը զզվանքով նայեց Չուգունին ու ասաց՝ «անպայման մի վատ բան պիտի ասես», եւ Չուգունը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վատ բան եմ ասել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031