Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է միջազգային հասարակական տրիբունալ, մի նոր Նյուրնբերգ»

Մայիս 29,2015 14:00

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 18-22-ը կայացած «Լրագրության որակը թվային դարաշրջանում» կոնֆերանսի ժամանակ ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, Պետդումայի նախկին պատգամավոր («Յաբլոկո» խմբակցություն), Ռուսաստանի ժուռնալիստների միության նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն խստորեն քննադատեց Ռուսաստանում մամուլի վիճակը՝ այն անվանելով «մեդիաֆրենիա»՝ համակարգված կերպով սեփական ժողովրդին թունավորել, նրանց գլուխներում քաոս մտցնել եւ այլն:

Նրա ելույթից հետո «Առավոտը» խնդրեց պատասխանել մի քանի հարցերի ՝ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող մթնոլորտի մասին:

– «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին»: Համամի՞տ եք: Մի՞թե մեր ժողովուրդները՝ ռուսները, բելառուսները, ղազախները, հայերը, այսպիսի իշխանությունների են արժանի:

– Այդ արտահայտությունը, ընդհանուր առմամբ, ճիշտ է, որովհետեւ, ի վերջո, հո Մարսի՞ց չի Ռուսաստան իջել Պուտինը, Ղազախստան՝ Նազարբաեւը… Լուկաշենկոն էլ Բելառուսում է ծնվել, մեծացել, եւ նրան աջակցել են բելառուսները, ինչպես Պուտինին՝ ռուսները: Այնպես որ՝ այո՛, դա ճիշտ արտահայտություն է, բայց ինչպես բոլոր խրատաբանությունները, այն իր մեջ որոշակի սեւ կետեր ունի: Վերցնենք սովետական իշխանությունը: Անշուշտ, դա այլմոլորակայինները չստեղծեցին, անշուշտ, ռուսաստանցիները որոշեցին նման հակաբնական իշխանություն ստեղծել: Բայց հետո մարդիկ, որոնք ծնվեցին մի քանի սերունդ այն բանից հետո, ինչ սովետական իշխանությունը հիմնվեց, նրանք արդեն չէին մասնակցել այդ իշխանության ստեղծմանը, նրանք ուղղակի ծնվել էին այդ երկրում: Եվ արդեն նրանց մասին դժվար է ասել, որ արժանի էին իրենց իշխանություններին, որովհետեւ այդ համակարգը հիմնեցին պապերը, իսկ թոռները դրանում մեղավոր չեն: Եվ այն թոռները, որոնք մեծացան եւ որոշեցին պայքարել դրա դեմ, ուղղակի ոչնչացվեցին, որովհետեւ սովետական իշխանությունն արդեն կայուն հաստատվել էր, եւ դրա դեմ պայքարելը շատ ավելի բարդ էր: Այնպես որ՝ ձեւակերպումը՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին, ներքին որոշակի հակասություն ունի, որը պետք է տեսնել, բայց ընդհանուր առմամբ՝ այն, բնականաբար, ճիշտ է:

– Բայց այդ նույն թոռներ-պապեր հակասությանը, եթե նայենք այն տեսանկյունից, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում՝ մի քիչ անհասկանալի բան ենք տեսնում: Այսօր ակնհայտորեն Ռուսաստանում ընթանում է ստալինիզմի արդարացման, Ստալինի վերափառաբանման գործընթաց: Ինչո՞վ եք դա բացատրում, մի՞թե նրանք չգիտեն՝ ինչ է կատարվել իրենց պապերի, իրենց ծնողների հետ, չէ՞ որ դեռ կան, ապրում են մարդիկ, որոնք անձամբ են կրել բռնադատումների եւ հալածանքների հետեւանքներն իրենց մաշկի վրա:

– Գիտեք, անգամ այդքան հեռու պետք չի գնալ եւ պետք չի խոսել ներկա սերնդի մասին՝ հիշո՞ւմ է, չի՞ հիշում: Խոսենք հենց այն ժամանակ աքսորվածների մասին: Փաստ է, որ դեռ այն ժամանակ էլ Գուլագում, ճամբարներում, սովետական բանտերում կային կոմունիստներ, որոնք արդարացնում էին այն, ինչ կատարվում էր: Ստալինի ժամանակ նստած շատ կոմունիստներ արդարացնում էին այդ ռեպրեսիաները, նրանց մի մասն ասում էին, որ ա՛յ, իրեն սխալմամբ են բռնել, իսկ մնացած բռնվածները հաստատ ժողովրդի թշնամի են: Կային մարդիկ, որ ավելի վատ՝ մտածում էին՝ դե, գուցե պետք է, որ այդպես է արվում: Եվ ամենացնցողը՝ կային մարդիկ, ովքեր մտածում էին՝ դե, եթե ես բանտում եմ, ուրեմն երեւի ես ժողովրդի թշնամի եմ: Դա ապշեցուցիչ է, իհարկե, բայց կար այդպիսի բան: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա դրանում ակնհայտ է ԶԼՄ-ների ազդեցության այն ֆանտաստիկ ապուշացնող առանձնահատկությունը, որի մասին անընդհատ խոսվում է:

Կար, չէ՞, ժամանակաշրջան, երբ ժողովրդին պատմում էին ստալինիզմի քայքայիչ ազդեցության մասին, չէին աջակցում ստալինիզմին: Բայց հանկարծակի ինչ-որ բան փոխվեց, եւ այսօրվա իրավիճակը անշուշտ կապված է կատարելապես հրեշավոր քարոզչության եւ հրաժարման ֆենոմենի հետ: Յուրաքանչյուր նոր ժամանակաշրջան մերժում է իր նախորդը, այսօրվա ժամանակաշրջանը հրաժարվում է 90-ականներից: «Անիծյալ 90-ականները», «սուտ դեմոկրատիա», «ելցինովշչինա», «գորբաչովշչինա» եզրույթներն այսօր հայհոյանք են դարձել, եւ այդ հրաժարումը նախորդ շրջանից, երբ Ստալինը դատապարտվում էր, այսօր բերել է այն բանին, որ ամեն ինչ գլխիվայր շրջվել է, նշանները փոխվել են: Ժողովուրդն էլ հաճույքով ընդունեց այն գաղափարը, որ ամեն վատ բան գալիս է 90-ականներից, թեեւ դրանից արդեն 20 տարի է անցել: Իշխանությունը դրա վրա է խաղում, սկսել է միֆեր ստեղծել 90-ականների վատ լինելու մասին, դեմոկրատիայի, լիբերալիզմի կործանարար լինելու մասին: Եվ Ստալինի մասին տարածվում է այդ միֆը՝ Ստալինի՝ որպես արդյունավետ մենեջերի, գեներալիսիմուսի մասին, որը գրեթե միայնակ հաղթեց պատերազմը: Դե հա, մի թեթեւ հիշում են, որ Ստալինից բացի՝ կար նաեւ սովետական ժողովուրդը, որը աննշան դերակատարում ունեցավ հաղթանակի մեջ…

– …Նաեւ Պուտինի հայրը… (Մայիսի 9-ին ընդառաջ ռուսական ԶԼՄ-ները մեկնաբանում էին Վ. Վ. Պուտինի հոր սխրանքները Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ինչի մասին խոսվեց նաեւ կոնֆերանսի ընթացքում- Մ. Բ.):

– …Ախ, հա, իհարկե, Պուտինի հայրը, նրանք երկուսով հաղթեցին պատերազմը (հեգնում է- Մ. Բ.): Ճիշտ է, որոշ ժամանակ անց կպարզվի, որ Պուտինի հայրը միայնակ էր հաղթել, չէ, ավելի շուտ՝ Պուտինի հայրն էլ մի կողմ կդրվի եւ կպարզվի, որ Պուտինն ինքն է միայնակ եւ անձամբ վերցրել Բեռլինը… Ես դրանում կասկած չունեմ, կստեղծեն տպավորություն, որ Պուտինն անձամբ է պաշտպանել Ստալինգրադը, այրվել է Կուրսկի մատույցներում եւ դրել է դրոշը Ռեյխստագի վրա: Դա անպայման կլինի, եւ դա կմտնի ռուսական հիմնական միֆերի մեջ: Եվ դրան է նպաստում, իհարկե, ստալինիզմի մեծարումը: Շատ կարեւոր մասն է միֆալոգիայի, որովհետեւ եթե Ստալինը հանցագործ էր, ապա Պուտինն էլ է հանցագործ, եթե Ստալինը ժողովրդի հայր էր եւ մեծ առաջնորդ, ապա Պուտինն էլ է այդպիսին: Դա բացարձակապես այդպիսի զուգահեռ պատմություն է: Իրականում Ստալինի միֆը գոյություն ունի բացառապես Պուտինի ռեժիմը պահպանելու համար:

– Իսկ տեսնո՞ւմ եք որեւէ լույս՝ թունելի վերջում, որովհետեւ ընդդիմություն չկա, հասարակությունն էլ չի ուզում փոխել ինչ-որ բան… ի՞նչ կարող է լինել:

– Գիտեք, երբ թունելի մեջ մարդիկ նայում են եւ ուզում են լույս փնտրել, որպես կանոն, դա լինում է քեզ վրա եկող գնացքի լույսը: Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով փորձում է Ռուսաստանի վերաբերյալ որեւէ լուրջ կանխատեսում անել, թե ինչ կլինի կամ ինչ կարող է պատահել, նա կամ շառլատան է, կամ շատ վատ գիտի պատմությունը: Ռուսաստանը բացարձակապես անկանխատեսելի երկիր է: Դա նրա կառուցվածքի մի շարք առանձնահատկությունների պատճառով է: Ոչ մեկը չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանը, Ռոզանովի խոսքերով, կմարի (слиняет) երեք օրում, երբ իրականացվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը: Սովետի քանդման նախօրեին, այն պահի նախաշեմին, երբ սոցիալիզմի համաշխարհային կարգը փլվեց, փլուզվեց Բեռլինի պատը, լիկվիդացվեց ՍՄԿԿ-ն, դրա նախաշեմին որեւէ մեկը չէր կարող դա կանխատեսել: Մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք գիտեին, որ այդպես է լինելու, կամ իրենք իրենց թյուրիմացության մեջ են գցել, կամ ուղղակի ստում են: Չի՛ եղել այդպիսի բան, ոչ ոք չէր կարող պատկերացնել նման բան:

Անգամ առաջին ալիքի վրա իշխանության եկած ժողովրդավարները, օրինակ՝ Գավրիիլ Պոպովը եւ այլք, ասում էին, որ իրենք, որպես ընդդիմություն, նախապատրաստվում էին երկար, տանջալից եւ անվերջանալի պայքարի, իսկ իշխանությունը, չգիտես ինչպես, հանկարծակի ընկավ ձեռքները: Ռուսաստանն անկանխատեսելի երկիր է, դա շատ վտանգավոր բան է, բայց մյուս կողմից նաեւ՝ հույս է տալիս: Այո, այս պահի դրությամբ պուտինիզմի որեւէ ապամոնտաժում անհավանական բան է թվում: Ես կարող եմ ասել, որ այդ այսօր են, հետին թվով հայտարարում, որ ՍՍՀՄ-ը փլվեց տնտեսական խնդիրների պատճառով: Ոչ մի նման բան. ոչ մի տնտեսական խնդիր ՍՍՀՄ-ը փլուզել չէր կարող. գոտիներն ավելի կձգեին, կմիավորվեին ՍՄԿԿ շուրջ՝ հերթական Լեոնիդ Իլյիչի շուրջ, եւ ամեն ինչ նորմալ կլիներ: Ավելի շուտ՝ ժողովրդին, ինչպես միշտ, վատ կլիներ, բայց ՍՍՀՄ-ը չէր փլվի: Պատմական պատահականություն էր, բացարձակ պատահականություն, որ 1985 թվականի մարտին իշխանության եկավ Գորբաչովը: Շատ հավանական է, որ այլ բան լիներ, եւ, ասենք, Գրիշինը կամ ավելի վատ՝ Ռոմանովը գար իշխանության գլուխ, եւ մենք մինչեւ այսօր կապրեինք սովետի օրոք: Զուտ պատմական պատահականության արդյունքում այսպես եղավ: Ես կարծում եմ, որ էլի կլինի նման պատահականություն: Այն կարելի է մոտեցնել, կարելի է պլանավորել եւ անել ինչ-որ բաներ, որպեսզի պուտինիզմը, ապամոնտաժումից հետո հանկարծ որեւէ այլ անունով չվերակենդանանա: Ա՛յ դա կարելի է, պետք է անել: Իսկ դրա համար պետք է սկսել որոշ բաներ: Անշուշտ, հարկավոր է միջազգային հասարակական տրիբունալ (այս մասին նա խոսեց նաեւ կոնֆերանսի ժամանակ՝ ասելով, որ նման տրիբունալում պետք է դատապարտվեն մամուլի միջոցներով ատելություն եւ պատերազմ հրահրողները- Մ. Բ.), հարկավոր է պարտադիր լյուստրացիա: Ռուսաստանն իր տրանսֆորմացիայի նոր ճյուղավորման ժամանակ անպայման պետք է անցնի լյուստրացիան: Այն պահին, երբ ՍՍՀՄ-ը փլուզվեց, եւ հայտնվեց Ռուսաստանը, դա չեղավ, այն ժամանակ անհնար էր դա անել, որովհետեւ խաղադրույքը դրված էր Ելցինի վրա: Անցկացնել լյուստրացիա՝ երկրի ղեկին ունենալով մեկին, ով Պոլիտբյուրոյի անդամության թեկնածու էր եւ Կոմկուսի Մոսկվայի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղար, դա, իհարկե, անհնար էր: Հիմա դա պետք է անել:

– Հիմա՞, Պուտինի ժամանա՞կ:

– Չէ, իհարկե, այս պահին չէ: Հիմա պետք է պատրաստվել դրան, մոտեցնել այդ պահը, պետք է բարոյալքման ենթարկել էլիտան, այդ թվում՝ մեդիաէլիտան, հատուկ ծառայությունները եւ այլն: Պետք է ստեղծել միջազգային հասարակական տրիբունալ, եւ դա նույնպես ինչ-որ չափով հասարակական մթնոլորտ կստեղծի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում, որը ցույց կտա, որ պուտինյան ռեժիմի տապալումը բացարձակապես անխուսափելի է, եւ պատասխանատվության կկանչի նրանց, ովքեր հիմա ամենաթողությամբ են զբաղված, պատերազմ են հրահրում իրենց հրապարակումներում եւ իրականում լուրջ սպառնալիք են հանդիսանում ողջ մարդկության համար:

– Դուք խոսում եք միջազգային տրիբունալի մասին: Ի՞նչը պիտի խանգարի Պուտինին արհամարհել այդ որոշումները, ընդհանրապես որեւէ միջազգային կազմակերպության որոշմանը չենթարկվել, առավել եւս՝ հասարակական:

– Իհարկե, չի ենթարկվի, կծիծաղի: Բոլորը կծիծաղեն, բայց դա կլինի հիստերիկ ծիծաղ, որովհետեւ հիմա, երբ նրանցից որեւէ մեկին չեն թողնում ԱՄՆ, Եվրոպա, բիզնեսին են խփում, դա լուրջ հարված է: Մեր այս բոլոր նորահայտները, էլիտան՝ մեդիա եւ քաղաքական, սովոր են ապրել երկու երկրում՝ աշխատել ՌԴ-ում եւ ծախսել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Նրանց երեխաներն են սովորում դրսերում… Եթե իրենք չկարողանան մեկնել այդ երկրներ, այդ երկրներում զրկվեն սեփականությունից, դա ծանր հարված կլինի իրենց համար: Այդ հիմա են բոլորը դրան վերաբերվում քմծիծաղով, հեգնանքով, իրականում դա շատ ծուռ ժպիտ է, նրանք շատ լավ հասկանում են, որ դա լուրջ է: Կարծում եմ, որ Ռուսաստանում էլ վերաբերմունքը կփոխվի, որովհետեւ հասարակական տրիբունալը բարդ գործընթաց է, պետք է ապացույցներ ներկայացվեն: Իրենք անընդհատ ասում են՝ ապացուցեք, որ մենք կռվում ենք Ուկրաինայում, ապացուցեք, որ խաբում ենք… Պետք է ապացուցել, պետք է հավաքել այդ ապացույցները եւ պահել: Երբ ես իմ հոդվածներում եմ դա ապացուցում՝ դա մի բան է, բայց երբ հասարակական տրիբունալ լինի, դա գործընթաց է, հանրային, թափանցիկ, որը կցուցադրվի բոլոր ալիքներով, դա լրիվ այլ պատմություն է: Դա նաեւ կմիավորի միջազգային հանրային կարծիքն այն մասին, որ այս ամենը հանցագործություն է, որովհետեւ այսօր աշխարհում դեռ շատ մարդիկ կան, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, արդարացնում են Պուտինին, մտածում են՝ հա, սրիկա է, բայց պայքարում է բազմաբեւեռ աշխարհի համար, պայքարում է Ամերիկայի հեգեմոնիայի դեմ…

Չհաշված, որ այլ շահեր ունեն՝ գազ, նավթ…

– Այո, իհարկե, կոմերցիոն խնդիրները նույնպես կան: Այսօր գնում է եվրոպական էլիտայի համատարած շրյոդերիզացիա (Գերհարդ Շրյոդերը Գերմանիայի նախկին կանցլերն է, որին շատ բարձր աշխատավարձով գազի համակարգում աշխատանք է տրվել, ինչը միջազգային հանրությունը որպես կոռուպցիա գնահատեց- Մ. Բ.), երբ եվրոպական բազմաթիվ պատգամավորներ, տարբեր երկրների պառլամենտներում ամբողջական խմբակցություններ պարզապես գնվում են: Դա շատ լավ հայտնի է, եւ դա այլ կողմն է հարցի, վտանգավոր վիճակ է: Եվ այս ամենը, Պուտինի արարքների կոծկումը՝ հասարակական կարծիքի վրա մեդիաֆրենիկ ազդեցությամբ, պետք է կոտրել, պետք է ջարդել, եւ միջազգային տրիբունալը ի վիճակի է դա անել:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ալմաթի-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ամեն ազգ էլ ունի իր տականքը
    ու մեկ մեկ էլ հավաքվում են ազգային տականքները միասին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031