Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպուհը չէր կարող մարտի 6-ին եղբոր հուղարկավորության, հոգեհանգստի արարողության ընթացքում գողություն կատարեր»

Մայիս 29,2015 13:30

Փաստաբանն այդ խուզարկության կատարման ժամանակ
ոստիկաններին ներկայացրել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանն այդ բնակարանում չի բնակվում եւ այն նրա բնակարանը չէ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման համաձայն՝ մարտի 28-ին Սիրուն Նաջարյանի բնակարանում խուզարկություն կատարելու գործողության եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 13-ի որոշման դեմ ամբողջ ծավալով նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանը:

Փաստաբանն իր բողոքում հայտնում է, որ ըստ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 26-ի որոշման, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Նազարյանը դատարանին հայտնել է, որ մարտի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել է Ն. Մանասերյանին պատկանող Երեւանի Արտաշիսյան փողոցի 63/1 բնակարաններից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործելով բնակարան՝ գաղտնի հափշտակել է ընդհանուր՝ 2 000 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Դեպքի առթիվ մարտի 7-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնից ստացվել է հաղորդագրություն, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցված լինեն Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանին պատկանող Երեւանի Արտաշիսյան փողոցի 48 շենքի բնակարանում:

Փաստաբանի տեղեկացմամբ, առաջին ատյանի դատարանը որոշել է թույլատրել մարտի 26-28-ն ընկած ժամանակահատվածում կատարել խուզարկություն Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանի՝ նշյալ բնակարանում եւ օժանդակ կառույցներում:
Ա. Ֆերոյանի բողոքի համաձայն, այդ որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել ոչ թե Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանի, այլ Սիրուն Նաջարյանի բնակարանում եւ օժանդակ շինություններում. «Այդ խուզարկության կատարման ժամանակ ոստիկաններին ներկայացվել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանն այդ բնակարանում չի բնակվում եւ այն նրա բնակարանը չէ: Բացի այդ, ոստիկանները տեղեկացվել են նաեւ, որ Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանը եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Հոլանդիայից եկել է Հայաստան, հետեւաբար չէր կարող կատարած լինել կամ առավել եւս՝ նրա ենթադրյալ բնակության վայրում չէր կարող պահվել 2015 թվականի մարտի 6-ին՝ ժամը 17:00- 22:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված գողությամբ հափշտակված ոսկյա զարդերը, այն պարզ պատճառաբանությամբ, որ նրա եղբայրը կատարված հայտնի հանցագործության հետեւանքով մահացել էր 2015 թվականի մարտի 4-ին, հետեւաբար եղբոր մահվան վիշտը սգալու համար Հայաստան ժամանած Սեպուհ Հակոբջանի Թադեւոսյանը չէր կարող մարտի 6-ին եղբոր հուղարկավորության, հոգեհանգստի արարողության ընթացքում գողություն կատարեր կամ գողացված ոսկյա զարդեր թաքցներ իր ենթադրյալ բնակարանում»: Խոսքը Դրաստամատ Թադեւոսյանի մասին է, որը սպանվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց, իր երկու ընկերների հետ: Մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք, որ խուզարկություն կատարելու այդ արձանագրությունը չի ստորագրվել ինչպես ներկայացուցչի, այնպես էլ խուզարկության ենթարկված բնակարանի սեփականատեր Սիրուն Նաջարյանի կողմից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 13-ի որոշմամբ մերժվել է Ա. Ֆերոյանի վերաքննիչ բողոքը, իսկ բողոքարկվող գործողություններն ու դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ: Ա. Ֆերոյանն «Առավոտին» ասաց, որ որոշումը ստացել է մայիսի 5-ին:

Ըստ բողոքաբերի, տարբեր դատարանների կողմից միեւնույն հարցի վերաբերյալ դրսեւորվում է տարբերակված մոտեցում. «Մի դեպքում դատավորը բացառապես միայն օպերատիվ տեղեկանքի հիման վրա բավարարում է բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը, իսկ մյուս դեպքում շատերը գտնում են, որ բացառապես օպերատիվ տվյալով բնակարանի խուզարկություն կատարելու հնարավորություն ընձեռելը իրավաչափ չէ եւ կարող է անհիմն սահմանափակել ցանկացած անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, ինչը կամայականության դրսեւորում է»:

Նշված կարեւորագույն հարցերին չի անդրադարձել նաեւ վերաքննիչ դատարանը եւ կայացրել է չհիմնավորված եւ չպատճառաբանված դատական ակտ:
Ա. Ֆերոյանի կարծիքով՝ որոշումը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի խախտմամբ, մասնավորապես. «Դատարանը չի անդրադարձել ներկայացված առարկություններում բարձրացված խնդիրներին, քննիչի կողմից թույլ տրված խախտումներին եւ կայացրել են չհիմնավորված ու չպատճառաբանված դատական ակտ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի դատավճիռը (դատավճիռ ասվածը, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, վերաբերում է նաեւ որոշումներին) պետք է լինի օրինական եւ հիմնավորված»:

Փաստաբանն իր բողոքում նշում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 16-ի ՎԴ/0551/05/08 որոշման մասին, համաձայն որի, դատարանն արձանագրել է այն իրավական դիրքորոշումը, որ եթե վճիռը (դատական ակտը) զուրկ է իրավական հիմնավորումից, ապա չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաեւ հեղինակավոր: Այսինքն` դատական ակտը պետք է լինի նաեւ համոզիչ եւ հավատ ներշնչի:
Մեկ այլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի ԵԿԴ/0058/11/09 որոշմամբ արձանագրվել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն, դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, եւ հիմնավորված` եթե դրանում արված հետեւությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետեւության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս եւ միեւնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության եւ հիմնավորվածության ստուգման համար: Ըստ փաստաբանի, պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ կայացնելու արդարացի որոշում:

Ա. Ֆերոյանի դիտարկմամբ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը չի կարող գնահատվել եւ մեկնաբանվել այնպես, որ ընդամենը մեկ օպերատիվ տեղեկանքի հիման վրա այն սահմանափակվի: Նման մոտեցման պայմաններում ոստիկանությունն անվերջորեն շարունակելու է որդեգրած այս արատավոր երեւույթը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում եւ պաշտպանվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Փաստաբանը խնդրում է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ եւ ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 26-ի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 13-ի որոշումները` բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը մերժել եւ ճանաչելով մարտի 28-ին կատարված խուզարկությամբ Սիրուն Նաջարյանի երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, իսկ կատարված խուզարկությունը որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություն՝ համարել անվավեր:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031