Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փակ թեմաներ չեն լինի՝ հունիսի 6-ին փակագծեր կբացեմ»

Մայիս 29,2015 12:30

Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն
անընդունելի է համարում բուհը սկանդալային ներկայացնելը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել, որը կկայանա հունիսի 20-ին: Ի տարբերություն Մայր բուհի եւ բժշկական համալսարանի, Պոլիտեխնիկում երկու թեկնածու կա՝ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
«Առավոտը» պարոն Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում համալսարանի ներսում շրջանառվող այն կարծիքներին, թե Մարուխյանն ունի «վերեւի դաբրոն», դա քաղաքական որոշում է, դրա համար այսքան տարի «լռելուց» հետո պարոն Մարուխյանն առաջադրել է իր թեկնածությունը:

«Ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարված, որին կարող են մասնակցել մրցույթի պայմանները բավարարող մարդիկ, եւ որեւէ «դաբրոյի» մասին խոսակցությունները վիրավորանք են Պոլիտեխնիկի նման հեղինակություն ունեցող բուհի համար, այն համալսարանի համար, որը տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության ու նրա ենթակառուցվածքների կառավարումն է ապահովել»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը: Նաեւ հավելեց. «Քաղաքական որոշումներ ընդհանրապես կայացնում են կուսակցությունները, դրա մասին չեն խոսում պատերի տակ: Ինչքանով ես տեղյակ եմ, Դաշնակցության որեւէ մարմին Ոստանիկ Մարուխյանի պաշտպանության վերաբերյալ որոշում չի կայացրել, գիտեմ նաեւ, որ նման որոշում չի կայացրել որեւէ քաղաքական ուժ: Ինչ վերաբերում է իրավական մասին, օրենսդրությամբ սահմանված է, որ ընտրությունները իրականացվում են հոգաբարձուների խորհրդի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ, որտեղ ըստ իրենց համամասնությունների՝ 8-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, 8-ը՝ գործադիրի, 8-ը՝ նախարարության, եւ եւս 8-ը ուսանողների կողմից ներկայացրած անձինք են, որոնք փակ գաղտնի քվեարկությամբ կորոշեն ռեկտորի ընտրության ելքը»:

Օրերս պատասխանելով լրատվական կայքերից մեկի այն հարցին, թե ինչպես է քվեարկելու, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել էր, թե ԿԳ նախարարությանը օրենքով հատկացված է 8 տեղ եւ իրենք ունեն իրենց հստակ դիրքորոշումը, որը նրա ձեւակերպմամբ. «Համահունչ է եւ համաձայնեցված է նաեւ ՀՀ կառավարության մոտեցումների հետ: Վստահ եմ, ընտրություններից հետո մենք Պոլիտեխնիկում կվերականգնենք բարձրագույն կրթական հաստատությանը հարիր բարոյական մթնոլորտը եւ ակադեմիական ազատությունները»: Հովհաննես Թոքմաջյանից, բնականաբար, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի նախարարի հնչեցրած խոսքերը: «Ինչպես արդեն նշեցի, հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ չկա որեւէ մեկը, որի ձայնը ավել կամ պակաս կարեւոր լինի: Դրանք 32 հավասարազոր ձայներ են, եւ այս ձայների փակ գաղտնի քվեարկությամբ կորոշվի մրցույթի հաղթողը: Նաեւ ձեր՝ վերեւում նշած «դաբրոների» մասով էլ հավելեմ, որ դա վիրավորանք է նախ այդ 32 անձանց հասցեին, որոնք հիմնականում հայտնի մարդիկ են: Նման խոսակցությունների տարածումը կոմպլեքսավորված անձանց կամ անձի մոտեցում է: Ինձ համար կարեւոր է այդ 32 անդամներից յուրաքանչյուրի կարծիքը հավասարապես: Այդ 32-ի արտահայտած դիրքորոշումը վերաբերելու է ե՛ւ կառավարությանը, ե՛ւ նախարարին, ե՛ւ դասախոսներին, ու այսօր այլ ֆորմատներով խոսելը եւ գնահատական տալը ճիշտ չէ: Ինձ համար կարեւոր է 32-ից յուրաքանչյուրի կարծիքը, եւ առաջին հերթին նախարար Արմեն Աշոտյանի կարծիքը: Համոզված եմ, որ ինքը ծանոթանալով համալսարանի գործունեության բոլոր մանրամասներին ու նաեւ խորանալով սկանդալների հիմքերի մեջ՝ կկարողանա ճիշտ գնահատական տալ, ճիշտ կողմնորոշվել ու դրանից հետո ձայնը ինձ տալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ իր կարծիքով, բուհում ծագած լարվածության, ասեկոսեների հետ կապ ունի՞ Ոստանիկ Մարուխյանը, եւ անակնկալ չէ՞ր նրա՝ առաջադրվելը որպես ռեկտորի թեկնածու, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Ինձ համար բոլորովին էլ անսպասելի չէր նրա այդ քայլը: Ոստանիկ Մարուխյանն իր վերջին 3-4 ամսվա վարքագծով փորձում էր հատուկ տպավորություն ստեղծել իր անձի շուրջ, ու ակնհայտ էր, որ դիմելու է: Ինչ վերաբերում է այս խոսակցությունների հետ կապ ունենալուն, շատ կուզենայի, որ կապ չլիներ, որովհետեւ խորապես կհիասթափվեմ, մանավանդ որ այն մարդիկ, որոնք ոգեւորված խոսում են այդ մասին եւ պաշտպանում են իրենց տարբեր միջոցներով եւ ձեւերով, այն տխրահռչակ անձնավորություններն են, որոնց անունները կապված են համալսարանական ինտրիգների հետ, նրանք նաեւ տարբեր քրեական գործերով անցնող անձինք են»: Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ ընտրությունների իրականացման գործընթացում շատ կարեւոր է կոլեկտիվի կարծիքը: Հավելեց, որ ֆակուլտետների կողմից առաջարկ է եղել, որ ռեկտորի թեկնածուները կոլեկտիվին ներկայանան իրենց ծրագրերով եւ ստանան նրա գնահատականը, որը մեր զրուցակցի ձեւակերպմամբ, իրավական ուժ չունեցող գնահատական կլինի, բայց ցույց կտա այն իրավիճակը, որը տիրում է բուհում:

Պոլիտեխնիկական ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն անընդունելի ու դատապարտելի է համարում Պոլիտեխնիկի հեղինակության ու վարկանիշի մասին անցյալով խոսելը, ասում է՝ Պոլիտեխնիկն այսօր էլ շարունակում է մնալ հանրապետության լավագույն բուհերից մեկը, ինչը փաստում են բուհի ստեղծած ինովացիոն գործունեության արդյունքները, Հայաստանում եւ արտասահմանում Պոլիտեխնիկի ուսանողների եւ դասախոսների ստացած մրցանակները. «Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Պոլիտեխնիկը զարգացել է աննախադեպ արագ տեմպերով, ու այդ բոլորը կներկայացնենք հունիսի 6-ին: Այդ օրը ժամը 11-ին բոլոր լրատվամիջոցներին 1301 լսարանում ասուլիսի եմ հրավիրում: Կպատասխանեմ բոլոր հարցերին՝ փակ թեմաներ չեն լինի, կխոսեմ, թե ինչու, ինչպես, երբ հասանք այդ հաջողո
ւթյուններին, ինչն է խանգարում, որ ավելի առաջ գնանք: Կանդրադառնանք այն արկածախնդիրների գործունեությանը, որոնք վերջին տարիների ընթացքում Պոլիտեխնիկում անընդհատ կրքեր են բորբոքում, կասենք, թե ինչ բուհ ենք ուզում տեսնել ապագայում: Ճիշտ չէ Պոլիտեխնիկը իբրեւ սկանդալային բուհ ներկայացնելը: Սկանդալային ոչինչ չկա, կա սկանդալային փոքրիկ խումբ եւ ընդամենը փոքրիկ խմբի ղեկավար, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի բարոյահոգեբանական մթնոլորտը հրաշալի է: Ամեն թեկնածու թող ներկայացնի, թե իր աշխատած ժամանակաշրջանում ի՞նչ է արել եւ ի՞նչ սխալներ պետք է շտկվեն: Ես պատրաստ եմ այդ ամենը ներկայացնել: Ըստ իս, Պոլիտեխնիկը բոլոր առումներով ամենադեմոկրատական բուհերից է, վերջերս մեր 4-րդ կուրսի ուսանողը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պաշտպանեց իր ավարտական աշխատանքը եւ 100 միավորից 96 վաստակեց»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031