Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեգ Հովհաննիսյան. «Դոպինգի դեմ պայքարում Հայաստանն, իսկապես, առաջատար է»

Մայիս 29,2015 11:30

Օրերս Սարաեւոյում կայացած Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության գործադիր կոմիտեի հերթական նիստի օրակարգային գլխավոր հարցերից մեկը նոր նախագահի ընտրությունն էր: Մասնակից յոթ երկրներն առաջադրել էին մեկ՝ Հայաստանի հակադոպինգային գործակալության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի թեկնածությունը, որը քվեարկությամբ երկու տարի ժամկետով միաձայն ընտրվեց կազմակերպության նախագահ:

«Առավոտը» զրուցել է Արեգ Հովհաննիսյանի հետ:

– Ինչո՞վ էր պայմանավորված նոր նախագահի ընտրության անհրաժեշտությունը:

– Կանոնակարգն է այդպես պահանջում, քանի որ նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանված է երկու տարի: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը գործադիր կոմիտեի բոլոր անդամներին խնդրել էր տալ իրենց թեկնածուների անունները: Եվ պարզվեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները՝ Վրաստան, Մոլդովա, Չերնոգորիա, Բոսնիա, Ալբանիա, Մակեդոնիա, ներկայացրել են իմ թեկնածությունը: Քվեարկությունից առաջ ելույթ ունեցան Մոլդովան եւ Չերնոգորիան եւ հաստատեցին, որ ամենահարմար թեկնածուն ձեր խոնարհ ծառան է:

– Իհարկե, կատարվածը հաճելի է: Բայց կասե՞ք, թե որ արժանիքների համար:

– Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը մշակել է ութ կետից բաղկացած հատուկ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ընտրվող նոր նախագահը. մեծ փորձառություն, կատարած աշխատանք, այլ երկրներին օգնության տրամադրում եւ այլն: Կներեք անհամեստ երեւալու համար, բայց պարզվեց, որ միակ համապատասխանողը ես էի:

doping_cintrol

– Փաստորեն, դուք դարձաք դոպինգի դեմ պայքարում առաջին հայաստանցին, որին վստահվեց սպորտում այդ աղետի դեմ պայքարի տարածաշրջանային կազմակերպությունը գլխավորելու պատասխանատվությունը:

– Այդպես է ստացվում: Բայց դա միայն իմ արժանիքը չէ, այլ գնահատական ու վստահություն է դոպինգի դեմ պայքարում ընդգրկված Հայաստանի իմ գործընկերների: Մասնավորապես, Սարաեւոյում զուգահեռ անցկացվեցին նաեւ հակադոպինգային կրթական եւ ուսուցողական ծրագրերի դասընթացներ, որոնց մեր մասնագետը ոչ միայն մասնակցեց, այլեւ մյուս երկրներին ցույց տվեց, թե մենք ինչպես ենք աշխատում: Այլ կերպ ասած, ինքը շատ բաներ իր գործընկերներին ուսուցանեց, քանի որ այդ ասպարեզում մենք, իրոք, առաջատար ենք:

– Հիմա դուք եք ղեկավարը: Ի՞նչ ծրագրեր եւ պարտականություններ ունեք իրականացնելու:

– Տարածքային բոլոր կազմակերպությունների ղեկավարները երկու տարին մեկ անգամ հավաքվում են Քուվեյթում եւ մշակում դոպինգի դեմ պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը: Հաջորդ հավաքը լինելու է եկող տարվա հունվարին: Մեր վրա արդեն մեծ վստահություն եւ պարտականություններ են դրված: Օրինակ, հուլիսի 25-ից օգոստոսի 1-ը Թբիլիսիում կայանալու է պատանեկան օլիմպիական փառատոնը եւ արդեն որոշված է, որ այնտեղ գործելու է հակադոպինգային երկու մեծ կայան, որոնցից մեկի ղեկավարը ես եմ լինելու եւ մեր փորձով կարգավորելու եմ աշխատանքները: Իսկ պարտականությունները տեսնում եմ մյուս երկրների հակադոպինգային գործակալություններին զարգանալու համար ավելի շատ օգնելու մեջ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ցանկանում եմ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը լավագույնը դարձնել ամբողջ աշխարհում:

– Որքան տեղյակ եմ, Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ ութ երկիր կա, որոնցից մեկն Ադրբեջանն է: Բայց Սարաեւոյում Ադրբեջանը, կարծես, չկա՞ր:

– Ցավոք, նրանք իսկապես չէին մասնակցում: Որքան տեղյակ եմ, նրանց ներկայացուցիչը՝ Իրադա Ռուստամ Զադեն, որը գործկոմի անդամ է, ինքն ինչ-որ խնդիրներ ունի: Իմ ունեցած տեղեկություններով, ՎԱԴԱ-ի եվրոպական գրասենյակի տնօրենը հայտարարել է, թե ամեն ինչ պետք է անեն նրան մեկ ուրիշով փոխարինելու համար: Այսօր Ադրբեջանի գործակալությունը շատ թույլ է, այնքան թույլ, որ ի վիճակի չէ իր երկրում անցկացվելիք Եվրոպական խաղերի համար ինքնուրույն դոպինգ ստուգում անցկացնել: Դրա համար էլ այդ գործը տրվել է անգլիացիներին:

– Մյուսներին օգնելուց եւ սովորեցնելուց առաջ նախ պետք է քո երկրում ամեն բան հաջող կազմակերպել: Հայաստանում դոպինգի դեմ պայքարի վիճակն ինչպիսի՞ն է:

– Հայաստանը միակ երկիրն է այս տարածաշրջանում, որտեղ սկսած 2013 թվականի կեսից դոպինգ ստուգման ոչ մի դրական ցուցանիշ չկա:

– Մեր մարզիկները մեկնում են Բաքու: Նրանք մաքո՞ւր են:

– Դոպինգ ստուգում, ճիշտ է, ընտրովի, կատարվել է ինչքան հնարավոր էր, քանի որ շատ ուշ իմացանք, որ մասնակցելու ենք Եվրոպական խաղերին: Որոշ մարզիկներ, պարզապես, Երեւանում չէին: Դա այնքանով է լավ, որ նրանք Բաքվում մինչեւ մրցումները լրացուցիչ չեն ստուգվի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031