Հիմնադիր խորհրդարանը շարունակում է իրազեկման երթերը: Մայիսի 28-ին նախաձեռնության անդամները Արաբկիր համայնքի բնակիչներին էին իրազեկում մայիսի 30-ին կայանալիք հանրահավաքի մասին:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը Aravot.am-ին ասաց, որ նախաձեռնության իրազեկման երթերը խաղաղ բնույթով են անցկացվում. «Մենք հետեւողականորեն տեղեկացնում ենք մարդկանց, որ այսպիսի հանրահավաք է նախապատրաստվում, որովհետեւ մենք զրկված ենք զանգվածային լրատվության միջոցներով մեր ինֆորմացիան տեղ հասցնելու հնարավորությունից: Այդ պատճառով էլ ընտրել ենք այս տարբերակը՝ երթերով մարդկանց իրազեկելու տարբերակը»:
Անդրադառնալով օրերս Հիմնադիր խորհրդարանի անդամներին բերման ենթարկելուն՝ նա ասաց՝ այն, ինչ կապված է «100-ամյակն առանց ռեժիմի» հետ ռեժիմի մոտ հիստերիա է առաջացնում. «Ինձ համար հայտնի պատճառներով, բայց արտաքնապես՝ անհայտ: Նրանք որեւէ բան չեն անում, թռուցիկ են բաժանում, ի՞նչ են արել, որ ռեակցիան այսպիսինն է: Ամեն մի գործողություն, որը կատարվում է «100-ամյակն առանց ռեժիմի» կողմից, նույնիսկ ամենաանմեղը, ամենափոքրը հիստերիայի մեջ է գցում այս ռեժիմին: Սա ես դրական եմ գնահատում. Նշանակում է՝ ինչ-որ մի բան տեղից շարժում ենք ու շատ կոպիտ»:
Կարդացեք նաև
Վարդան Հակոբյանը հավելեց, որ երկար ժամանակ իրենք չէին կարողանում Երեւանի կենտրոնում հանրահավաք արտոնագրել, բայց այդ փուլը հաղթահարված է. մայիսի 30-ին հանրահավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Նա չբացառեց, որ նույնիսկ հանրահավաքի օրը իրենց հանդեպ ճնշումներ գործադրվեն:
Հարցին, թե իր կարծիքով հանրահավաքին մարդիկ ակտիվ մասնակցություն կունենա՞ն, Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դեռ մեծ քանակ ակնկալել դժվար է, որովհետեւ սարսափելի մթնոլորտը, որ տարածել են մեր շուրջը, ամեն դեպքում կզսպի քաղաքացիների մի մասին, որ գնան: Բայց կգան այն վճռական մարդիկ, որոնք հասկանում են, որ առանց քաղաքացիական անհնազանդության դրսեւորման ռեժիմի դեմ ոչինչ չես անի: Այդ զանգվածը չեմ կարծում, որ շատ է լինելու, բայց նրանք կան եւ անպայման գալու են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ