Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի շիրակցի պատասխանատուն՝ սոդայով հեղափոխություն անելու մասին (Տեսանյութ)

Մայիս 28,2015 18:15

Aravot.am-ը Հիմնադիր խորհրդարանի Շիրակի կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքի մեջ է իր դեմ հարուցված քրեական գործը, կանչո՞ւմ են իրեն հարցաքննության: «Գիտեք, որ գործը կարճված չէ, ընթացքի մեջ է, երկամսյա կալանքը ուժի մեջ է, ինձ գրավով են բաց թողել, իսկ մեր տղաներին բաց են թողել ստորագրությամբ: Այս ընթացքում ինձ մեկ անգամ են հարցաքննության հրավիրել, հիմա սպասում եմ…Մնացել է մի շաբաթ կամ մի քիչ ավելի՝ ամսի 7-ին, որ ժամանակը լրանա երկամսյա կալանքի, սպասում ենք, երեւի նոր դատ պիտի արվի, կարող է երկարացնեն կալանքը, կարող է կալանավորեն, դատեն, ես չգիտեմ, էս երկրում ամեն ինչ սպասելի է …»:

Մեր դիտարկմանը, թե ձեր ցուցմունքը այն մասին, որ ձեզ վերագրված նռնակը գտնվել է ոչ թե ձեր տան, այլ ձեր հորեղբոր տան կտուրին, չհամոզե՞ց քննչականին, Արամ Հակոբյանն ասաց. «Իրենք էլ էդ մասին գիտեն, շատ փնթի գործ են կատարել, ոչ պրոֆեսիոնալ: Ես նշել էի, իրենք էլ գիտեն, ամբողջ աշխարհն էլ գիտի այն մասին, որ այդ չարաբաստիկ նռնակը հայտնաբերվել է  ոչ թե մեր տանիքից, այլ հորեղբորս տանիքից: Բայց դե դա ի՞նչ կապ ունի, ո՛չ մատնահետքեր են գտել էդ նռնակի վրա, հիմա սպասում են ԴՆԹ-ի անալիզների պատասխանին. ինձանից արյուն են վերցրել առանց իմ համաձայնության, մի կաթիլ կարող է քսեն նռնակին, ասեն ԴՆԹ-ն կար նռնակի վրա: Իհարկե, իմ կարծիքով, իրենք էդ աստիճան չեն ստորանա. իրենք էլ գիտեն, որ էդ նռնակը իմը չէ, ես կապ չունեմ էդ նռնակի հետ: Դե պատկերացրեք, ոչինչ չհայտնաբերելուց հետո առավոտ 6.30-ից մինչեւ 12.00-ը խուզարկեցին, տեսան ոչինչ չկա, բացի երկու փայտի կտորից եւ սոդայից»:

Մեր հարցին, թե սոդայով հեղափոխությո՞ւն էիք պատրաստվում անել. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ սոդայով շատ մեծ հեղափոխություն կարելի է անել, մեր զրուցակիցը հումորով ասաց. «Այո, սոդայով կարելի է պայթուցիկներ սարքել, բայց ես էդ տեխնոլոգիային ծանոթ չեմ, ծխախոտի մնացորդներն էլ էին գտել գրասենյակից, աբսուրդ է…»:

Մեր հարցին, թե խուզարկության ժամանակ ի՞նչ գրքեր էին առգրավվել ձեր տանից, մեր զրուցակիցը ծիծաղելով ասաց. «Արգելված գրականություն, գրքեր էին վերցրել իմ աշխատությունից, «Հայոց ազգային գաղափարախոսությունը եւ նրա հիմքերը», գոնե տարել են, կարդան, հայ պատմաբաններից մեկի գրքերից էին վերցրել՝ դարձյալ Հայոց ազգային գաղափարախոսության թեմայով: Պարիս Հերունու գրքի վրա էին կենտրոնացել, բայց շատ լավ արեցին, որ դա չվերցրեցին, որովհետեւ միակն էր Հայաստանում տպված 1000 օրինակ, մեկն էլ ես եմ, որ ունեմ: Դե գրասենյակում ինչ կար, առգրավել են, էդ թռուցիկները, որոնք բաժանում էինք ժողովրդին, համարեցին արգելված, մենք իրենց էլ էինք տվել, բայց առգրավվեցին, տարան: Մեր ծրագրերը, ամեն ինչ, ինչ կար, չկար, գրասենյակը դատարկեցին, տարան, թողեցին ընդամենը 10 հատ եռագույն դրոշ»:

Ըստ մեր զրուցակցի, ինքը ճանաչելով մեր երկիրը՝ որեւէ լուծում չի տեսնում իր դեմ հարուցված քրեական գործին, նա ասում է, որ դա իր փաստաբանի, սփյուռքահայության, Եվրադատարանի խնդիրն է, ինքը՝ որպես անհատ, այս պարագայում ոչինչ չի կարող անել:

Մեր զրուցակիցը նաեւ նեղվեց, որ խուզարկության ժամանակ առգրավվել են նաեւ իր դստեր ու որդու համակարգիչները: Արամ Հակոբյանը խնդրել է գոնե դրանք վերադարձնել, քանի որ նրանց ձեռքի գործիքն է, իրավապահներին առաջարկել է իր գաղտնաբառը տալ, եթե դա է իրենց անհրաժեշտ, սակայն հրաժարվել են՝ ասելով վերեւներից հրահանգ չկա: «Հրահանգով է ամեն ինչ, արդարության մասին խոսք լինել չի կարող», -ասում է մեր զրուցակիցը:

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031