Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե «Էկթրաք սերվիսի» տնօրենը Շաբոյանի բաջանաղը չէ, ինչո՞ւ այսքան տարի չի ստուգել այդ ընկերությունը»

Մայիս 28,2015 18:11

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ ՀԷՑ-ին  ավելի քան 450 միլիոն դրամի պայմանագրով ավտոմեքենաներ վարձակալությամբ տրամադրող «Էկթրաք սերվիս»-ի տնօրեն Գեղամ Կարապետյանը  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղն է, ու չնայած Կարապետյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հերքել է բարեկամական կապը, սակայն կան հանգամանքներ, որ հակառակն են ասում:

Aravot.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը որոշ փաստեր է առաջ քաշում, որով Շաբոյան-Կարապետյան կապը հիմնավորում է: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտում ՀԷՑ-ն իր ներկայացրած ծախսերում ներառել է նաեւ «Էկթրաք սերվիսի» հետ կնքած 450 միլիոն դրամի պայմանագիրը:

Դեռ մայիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ տնտեսագետն առաջինը ներկայացրեց  «Էկթրաք սերվիսի» կասկածելի գործունեությունը, եւ առաջին կասկածն այն էր, ըստ Մանուկյանի, որ ոչ մի պետական մարմին որեւէ ծառայություն չի պատվիրել այս ընկերությանը, «Էկթրաք սերվիսը» ստեղծված է հենց ՀԷՑ-ի հետ փողերը մի գրպանից մյուսին հոսեցնելու համար: «Ինչ վերաբերում է հնարավոր կապերի բացահայտմանը, մենք գիտենք, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են, բայց փաստաթղթորեն դժվար է ապացուցել: Այստեղ ռիսկայնությունը մեծանում է այն իմաստով, որ այդ ֆիրման գրանցվել է 2006-ին, երբ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ն եկավ Հայաստան: 2-րդ՝ «Էկթրաք սերվիսը» գրանցված է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում. կասկածելի է, թե ինչո՞ւ օֆշորն եկավ գրանցվեց ՀԷՑ-ի հետ միաժամանակ՝ ռուսական կապիտալի գալու նույն տարում: Հետո՝ այդ ֆիրման իրեն ներկայացնում է մասնագիտացված պրոֆիլով, որպես շինանյութերի ներմուծմամբ զբաղվող, բայց ըստ էության մասնակցում է ավտոփոխադրման ծառայություններով: Եվ որ ամենակարեւորն ՝ այս ոլորտը բավականաչափ մրցակցային է, եւ ՏՄՊՊՀ-ն կոչված է իր մանդատով ոչ թե քաղաքական շոուների մասնակցի՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանի պետգնումների դեպքում էր, որ շոու արեց, բայց ոչ ոք չպատժվեց, այլ պարտավոր է արդար մրցակցություն ապահովել»:

Արտակ Մանուկյանը, որը նաեւ մասնագիտացած է պետգնումների ոլորտում, նկատեց, երբ նման կարգի ֆիրմանները ընտրվում են մեկ անձից գնումների հիմքով, այսինքն չկա մրցույթ՝ միանգամից պայմանագիր են կնքում, նման դեպքերում ՀՀ օրենսդրությունը սահմանում է 4 ուղղությունները, որոնցից մեկն էլ մրցակցության բացակայությունն է. «Այսինքն, այդ ֆիրման այնքան գերիշխող դիրք ունի շուկայում, որ մրցակից չունի ու կարելի է միանգամից իր հետ պայմանագիր կնքել: Իրականում, «Էկթրաք սերվիսը» չունի մոնոպոլ, գերիշխող դիրք մեքենաների փոխադրման ծառայությունների ոլորտում: Սրա վառ ապացույցն է, որ որեւէ պետական կառույց նրա ծառայություններից չի օգտվել: Բայց այդ ֆիրմայի հետ խոշոր ծավալներով՝ 450 միլիոն դրամի գնումներ է կատարել ՀԷՑ-ը, ու եթե ամեն ինչ օրինական լիներ, մենք օրենքի գերակայության երկրում ապրեինք, այդպիսի երեւույթները՝ գնումները, պետք է մանրադիտակով զննվեին: ՏՄՊՊՀ-ն պիտի փորձեր ուսումնասիրել՝ որքանո՞վ է այստեղ տեղի ունենում մրցակցային իրավիճակի խեղաթյուրում, այն, ինչը մենք՝ փորձագետներս 2011 թվականից մինչ օրս տեսնում ենք, ուսումնասիրում ենք անվճար, իսկ ՏՄՊՊՀ-ն վճարվում է, որ հենց այդ գործն անի, բայց չի անում: Այսինքն, եթե այսքան տարի ՏՄՊՊՀ-ն ուշադրություն չի դարձրել «Էկթրաք սերվիսի» գործունեությանը , մեր կասկածները խորանում են, որ Շաբոյանի հետ փողկապակցված ընկերություն է: ճիշտ է, փաստաթղթային առումով, թե հերքե՛լ, թե՛ ապացուցելը շատ վերացական է, բայց ռիսկի առումով նշեմ՝ 2011-ից, որ նման խոշոր պայմանագրեր են կնքվել, ռիսկային են, առավելեւս, այն ֆիրմայի հետ, որն ըստ էության մասնագիտացված չէ տվյալ ոլորտում»:

Արտակ Մանուկյանը նկատեց, որ Շաբոյանն ու իր ղեկավարած հանձնաժողովը, որն ուսումնասիրում է պետգնումները, ինչպես նաեւ հանրային նշանակություն ունեցող կազմակերպությունները, որոնցից է նաեւ ՀԷՑ-ը ու ենթարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքին. «ՏՄՊՊՀ-ն պարտավոր է ուսումնասիրի նման գնումները, պարզի՝ մրցակցային դիրքի չարաշահումը: Բայց եթե բարեկամական կասկածելի կապը չլիներ, ամեն ինչ օբյեկտիվ լիներ, իրենք վաղուց պիտի վերլուծություններ ունենային «Էկթրաք սերվիս»-ի եւ ՀԷՑ-ի գնումների մասին: Առավել ուշագրավ է, որ «Էկթրաք սերվիսը» 2014-ին հարկեր էլ չի վճարել»:

Aravot.am-ը փորձեց այս առնչությամբ Շաբոյանից էլ պարզաբանումներ ստանալ, սակայն նրա բջջային եւ գրասենյակի հեռախոսահամարները չէին պատասխանում. բջջայինն էլ հետո անհասանելի դարձավ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031