ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ գյուղում սոցիալական խնդիրների պակաս չեն զգում: Չկան աշխատատեղեր, կլիմայական պայմաններն են դժվարին: Սարագյուղը հարակից է սահմանամերձ Բավրա գյուղին: Այն մարզկենտրոնից 49 կմ հյուսիս է գտնվում: Գյուղում 36 ընտանիք է ապրում՝ 220 բնակիչ: Նրանք նեղսրտում են. թե «տարին ութ ամիս իրենք ձյունի տակ են»: Սարագյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, երբ բնակիչներին հարց ես տալիս աշխատանք ունենալ-չունենալու մասին, զարմացած պատասխանում են՝ «Ի՞նչ աշխատանք, ի՞նչ բան, արտագնա աշխատանքն է միայն»:
Aravot.am-ն այցելեց Սարագյուղ, ծանոթացավ գյուղի հիմնախնդիրներին: Այստեղ գործում է Սարագյուղի հիմնական դպրոցը, մանկապարտեզ չկա: Հիմնական դպրոցն ունի ընդամենը 20 աշակերտ: Մեզ հետ զրույցում Սարագյուղի հիմնական դպրոցի տնօրեն Գինեվարդ Հակոբյանը նշեց, որ հիմնականում ունեն շենքային պայմանների բարելավման խնդիր: Դպրոցը չունի մարզադահլիճ, ֆիզիկական կուլտուրայի դասաժամերն անցկացնում են հանդիսությունների սենյակում, որը մեղմ ասած գտնվում է ոչ բարեկարգ վիճակում: Հատակը փտել է, թեև պետական միջոցներով այն վերանորոգվել է 2011-ին: Տնօրենի փոխանցմամբ՝ դպրոցը չունի մարզագույք. իրենց սեփական ուժերով մեկ-երկու գնդակ են գնել:
Դասասենյակների հատակները ևս բարվոք վիճակում չեն: Մեկ դասասենյակ ընդհանրապես չի օգտագործվում, քանի որ հատակը լրիվ փտած է, իսկ դպրոցական գույքը տասնյակ տարիներ չի թարմացվել: Չկան նաև համապատասխան սարքավորումներ ու ուսուցիչ երգեցողության առարկայի դասավանդման համար: Հետաքրքրվեցինք՝ արդյոք դիմե՞լ են պետական մարմիններին, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Մենք ամեն տարի հարցաթերթիկ ենք լրացնում այն մասին, թե ինչ գույք է մեզ անհրաժեշտ, բայց դեռ արձագանք չկա»:
Կարդացեք նաև
Աշակերտների թվի հետ կապված ևս տարիներ հետո դպրոցը խնդրի առաջ է կանգնելու: Տնօրենը պատճառաբանեց, թե վեց տարվա մեջ գյուղում վեց երեխա է ծնվել. «Այս տարի կունենանք երկու առաջին դասարանցի, բայց մյուս տարի առաջին դասարանցի չենք ունենալու»:
Դպրոցում կա նաև կադրերի պակաս. օրինակ՝ ռուսերենի ուսուցչուհի մինչև այժմ չունեին, մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում:
Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ մանկապարտեզ չեն բացում գյուղում, տիկին Հակոբյանն արձագանքեց. «Այդ տարիքի երեխաներ չկան, մենք էլ ունենայինք, մեր գյուղում էլ մանկապարտեզ կհիմնեին»:
Արտագաղթի տեմպերի մասին Գինեվարդ Հակոբյանը փոքր-ինչ լավատեսությամբ է խոսում՝ համեմատելով իրավիճակը Գյումրիի հետ. «Գյումրիից ավելի շատ են տեղափոխվում, քան մեր գյուղից, թեև եթե պայմաններ ունենային, մեզ մոտից էլ կարտագաղթեին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ