«Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսին մայիսի 28-ին ներկա էր նաեւ «Մեդուզա» meduza.io կայքի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոլիվանովը:
Նա կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց «Մեդուզա» կայքի փորձը, նրա նոր նախագծերը: Ալեքսանդր Պոլիվանովը նկատեց, որ վեց ամիսների ընթացքում կայքի տաս ամենակարդացված նյութերից միայն երկուսն են լուրեր, մնացածը՝ նախագծեր են:
«Շատ կարեւոր է նոր ընթերցողների գրավել, որոնք հետագայում մշտական ընթերցող են դառնալու: Մենք շատ լավ փոխարկում ունենք. ընթերցողների տաս տոկոսը դառնում է մեր հավատարիմ ընթերցողը: Այսինքն՝ նոր նախագծերի հաշվին մենք ավելացնում ենք մեր գլխավոր արտադրանքի նորությունների այցելությունները»,- ասաց նա:
Ալեքսանդր Պոլիվալովի կարծիքով՝ նոր ձեւաչափերը կարեւոր են խմբագրությունների համար. նրանք կենդանացնում են խմբագրությունը. «Նոր ձեւաչափերը ստեղծում են խմբագիրը, դիզայները եւ ծրագրավորողը: Եթե կարողանաք ստեղծել թիմ, որտեղ խմբագիրը, դիզայները եւ ծրագրավորողը միասին՝ որպես թիմ են աշխատում, դուք երջանիկ խմբագրություն եք: Դա ամենակարեւորն է, որը դեռ մեզ մոտ չի ստացվում: Երբ նրանք միասին սկսում են հորինել ինչ-որ բաներ, դուք իսկապես երջանիկ կլինեք: Ուրեմն՝ նոր նախագծերը բերում են երջանկություն եւ նոր լսարան»:
Կարդացեք նաև
«Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը շարունակվելու է նաեւ ուրբաթ՝ մարտի 29-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ