«Հաղթանակի խորհուրդը ջինջ երկինքն է, երեխաների ժպիտը, անկախ Հայաստանի գոյությունը»,- Ապարանում, Վերածննդի հուշահամալիրի տարածքում այսօր տեղի ունեցող տոնակատարությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Նա հատուկ ընդգծեց այն փաստը, որ Բաշ-Ապարանի հաղթանակով հիմք դրվեց մեր հաղթանակներին:
«Խնդրում եմ, բոլորդ երկինք նայեք: Որ նայեք`կտեսնեք`աշխարհի ոչ մի երկնքում այդքան հրեշտակներ չեն ճախրում, ինչքան Հայաստանում: Դրանք մեր նահատակների հոգիներն են»,- ասաց Աղվան Հովսեփյանը`բոլորին շնորհավորելով հաղթական օրվա առիթով:
ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն էլ է համակարծիք, որ այս տոնը հպարտությամբ պետք է նշել, քանզի այն քսաներորդ դարի մեր հաղթանակների սկիզբ է ավետել: «Հայ ազգն իրավունք ունի հպարտանալ, հայ ազգն իրավունք ունի պինդ լինել եւ առաջ գնալ: Սա իմ մաղթանքն է եւ ես ավելի քան վստահ եմ, որ մենք կանգուն ենք լինելու: Հաղթանակները դեռ սկզբում են»,- ասաց նախարարը:
Հուշահամալիրի տարածքում իսկական տոն էր`երաժշտություն, երգ, պար, զվարճանքներ:
Կարդացեք նաև
Թե ինչպես էր պարում Աղվան Հովսեփյանը` տեսանյութում
Հյուրասիրություն էլ եղավ`«Նիգ Ապարան» հայրենակցական միության կողմից: Նաեւ հուշահամալիրի տեսքով հսկայական տորթը համտեսեցին հավաքվածները:
Իսկ երրորդ բանակային կորպուսի հետախուզական գումարտակի անձնակազմը ցուցադրական ելույթներով հանդես եկավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ