Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դուրս է գրվել՝«ակտիրովկա» է արվել «Հայինկասացիայի» նախկին աշխատակցուհի Անահիտ Գրիգորյանը:
Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ լրիվ կուրացել է:
Տարիներ առաջ, երբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցների գործը, Անահիտ Գրիգորյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն արեց, որպեսզի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխվի:
Տիկին Անահիտը տառապում էր շաքարային դիաբետ 2-րդ տիպի ծանր հիվանդությամբ, մի աչքը չէր տեսնում, իսկ նրա հիվանդությունը դասվում էր ըստ մասնագետների, կալանավորների ամենածանր հիվանդությունների շարքում: 58-ամյա կնոջը դատարանը դատապարտեց ինը տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
«Հայինկասացիայի» գործով մեկ այլ դատապարտյալ կին էլ՝ Սաթենիկ Սարգսյանը, տառապում էր քաղցկեղով:Նա նույնպես իր պատիժն է կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Օրեր առաջ նրա նկատմամբ ռեժիմի տեսակն է փոխվել, նա «դուրս» է հանվել բաց կալանքի: Գիշերը կալանավայրում է, որոշակի ժամերին՝ կալանավայրից դուրս:
Նշյալ ընկերության չորս կին եւ երկու տղամարդ աշխատակիցներ մեղադրվել էին իրենց հանգուցյալ ղեկավարի ստորագրությամբ կեղծ հանձնարարականներով առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու համար: