Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գրական մրցանակ, նախագահի մրցանակ…

Մայիս 28,2015 16:05
grich

Ո՞վ է լիազորված շնորհելու այս մրցանակները և լիազորվածները ինչպե՞ս են շնորհում…

2014թ. դեկտեմբերի 1-ին նախագահի մրցանակաբաշխությանն եմ ներկայացրել իմ հեղինակած «Հեղափոխական դար» վերնագրով գիրքը, որի մեջ ամփոփված է 4 գործ, այդ թվում նաև «Հեղափոխական դար» վերնագրով 200 էջանոց վեպը։ Այս վեպը նախկինում տպված չի եղել, իսկ մյուս 3 գործերը թեև տպված են եղել, սակայն այս  հրատարակության մեջ հիմնովին փոփոխություններ են կրել։ Խնդիրն հետևյալում է՝ որ մրցույթին կարելի է ներկայացնել միայն այնպիսի գործեր, որ նախկինում երբևէ չեն տպվել։

Այդպիսին է նաև «Հեղափոխական դար» գրքում ամփոփված «Հեղափոխական դար» վեպը և գիրքը չվերցնելու որևէ պատճառաբանություն չլինելով, փաստաթղթերն ու գիրքը գործավարն ինձանից վերցրեց։ 2015թ. մայիս ամսին ես զանգահարեցի գործավարին իմանալու համար, թե ե՞րբ են մրցույթը ամփոփելու, իսկ նա ինձ ասաց, որ իմ գիրքը մրցույթից հանված է։ Իսկ ինչո՞ւ… Հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանն ինձ այսպիսի պատասխան է տալիս՝ «Քո գրքում կան նախկինում տպված 3 դրամաներ»։ «Այ մարդ, ասում եմ, իսկ չէ՞ որ վեպը նախկինում տպագրված չի եղել։

Ես մրցույթի ներկայացրել եմ 200 էջանոց վեպը, ինչի մասին պարզորոշ գրել եմ դիմումիս մեջ։ Իսկ ի՞նչ է, մյուս 3 գործերը պիտի պատռեի-հանեի ամբողջական գրքից և միայն վե՞պը ձեզ հրամցնեի»… Կարճ ասած, այս մարդիկ ուզել են, որ մրցանակային գումարը «իրար մեջ անելու» հնարավորություն լինի։ Այս ի՞նչ ոչ թե գրականագետ, այլ ձեռնածու-խեղկատակեր են… Ահա թե ինչպես են տրվում մրցանակները, և ով կամ ինչպես է կազմում այդ մրցութային հանձնաժողովները…

Միանգամից պետք է ասեմ, որ իմ առաջնային նպատակը ոչ թե մրցանակային գումարը շահելն է, այլ իմ այս և մյուս գրքերի թարգմանությունը հետևյալ 12 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, իտալերեն, լեհերեն, չինարեն, ճապոներեն։

Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում և ի՞նչ թեմաներ են արծարծվում իմ գրքերում։ «Հեղափոխական դար» և «Զանգերն էլի ղողանջում են» գրքերի թեմաները հայկական են, իսկ «Այաքս», «Մոնա Լիզա», «Հայտնություն», «Մաֆիա», «Դատավարություն», «Ճակատագրեր և խարակտերներ», «Հիսուս Քրիստոս» ստեղծագործությունների թեմաները՝ ոչ հայկական։ Հաջորդիվ կան և հայկական և այլ ազգերի ու երկրների վերաբերյալ համամարդկային թեմաներով գործեր։

Մոտավոր հաշվարկով ավարտին հասցրած 5 գրքերի 12 լեզուներով թարգմանության և տպագրության համար կպահանջվի 1,5 միլիոն ամերիկյան դոլար։ Երեք աղբյուր կա, որոնց հետ հույսեր եմ կապում՝ «Փյունիկ» հիմնադրամը (պատվավոր նախագահ՝ Գաբրիել Չեմբերջյան), «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը, ինչպես նաև Մշակույթի նախարարությունը։ Չէ՞ որ Մշակույթի նախարարությունը հիմնադրամ է շնորհել անգամ Անթարեզ հրատարակչությանը։ Մշակույթի նախարարությունը հիշատակելիս չեմ կարող չասել, որ իմ նույնիսկ հայերեն լեզվով որևէ գիրք նախարարության կողմից չի տպագրվել, թեև հրատարակչական խորհրդին դիմել եմ ամեն տարի և արդեն մոտ 40 տարի։ Այս «պանծալի» գործի մեջ վերջին 10-20 տարիների ընթացքում իրենց հետին դերակատարությունն են ունեցել թե ներկայիս Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թե նրա հովանավորյալ, գրահրատարակչական գործի տնօրեն Էդ.Միլիտոնյանը։

Բայց չէ՞ որ պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքում պատասխանատվության ենթարկելու իրավական դրույթ կա։ Չարաշահել են թե վերը նշված անձինք և նաև բոլոր նրանք, ում թվարկելու հարկ կա։ Չէ՞ որ «Հեղափոխական դար» գրքի վերաբերյալ 2013թ. հրավիրված միջազգային հայագիտական գիտաժողովի ժամանակ զեկուցում է կարդացվել։ Այդ զեկուցումը զետեղված է ԳԱ ակադեմիայի 2014թ. հրատարակած զեկուցումների ժողովածուի մեջ։

Ես տարբեր անգամներ մասնակցել եմ թե պետական գրական, թե նախագահի, թե հայերի  համաշխարհային կոնգրեսի մրցույթներին։ Եվ հիմա պետք է թվարկեմ անուններ, ովքեր լիազորված են եղել հանձնաժողովներում Գրողների միության կողմից՝ Էդ.Միլիտոնյան, իսկ հանգուցյալի անունը չեմ տալիս, Աելիտա Դոլուխանյան, Սուրեն Աբրահամյան (վերջին երկուսը վայելում են կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի փաղաքշանքը)։ Պետք է նշեմ նաև Ազատ Եղիազարյանի, Սամվել Մուրադյանի, Վազգեն Գաբրիելյանի, Արծրուն Ավագյանի անունները, որոնց հետ իմ ճանապարհը խաչվեց  նախագահի վերջին մրցույթի ժամանակ և որոնց հետ գործ եմ ունեցել նաև նախկինում շատ անգամներ։

Է՜հ, որտեղ Գրողների միության թայֆան, այնտեղ ինչեր ասես, որ չեն լինի… Գրողների միության թայֆայի նմանությամբ թայֆայական մի խումբ էլ ձևավորվել է «Անթարեզ» հրատարակչության շուրջը հանձինս Արքմենիկ Նիկողոսյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Կարեն Անտաշյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Զավեն Բոյաջյանի (վերջինս նախագահի մրցանակը կարողացավ շահել հենց «Անթարեզի» շնորհիվ)։

Հանրապետության հարգելի նախագահ Սերժ Սարգսյան, հարգելի Ռոբերտ Պողոսյան, ես Ձեզ կոչ եմ անում պետական գրական և «Ռոբերտ Պողոսյան հիմնադրամ» ֆոնդերը միավորել և ԳԱ ակադեմիայի  Գրականության ինստիտուտին հանձնարարել կազմակերպելու անկախության տարիներին ստեղծված  մեծարժեք գրական ստեղծագործության ամենամյա մեկ ընդհանուր մրցանակի մրցույթ, որը այդ տարիներին առաջին անգամ հրատարակված լինելով, կարող է նաև վերահրատարակված լինել։ Ինչպես նաև թույլ տալ առաջին մրցանակը շահող գրողին մասնակցելու հաջորդական 2016թ, 2017թ, 2018թ, 2019թ, 2020թ. և այլն մրցույթներին, որպեսզի այդ գրողի բոլոր գործերը ամեն տարի մրցանակ շահելու դեպքում իրավունք ստանան թարգմանվելու 12 լեզուներով։

Իսկ ի՞նչն է ինձ իրավունք տալիս խոսելու մեծարժեք գրական ստեղծագործության մեկ ընդհանուր մրցանակի անհրաժեշտության մասին։ Որովհետև մինչև հիմա 50-ից ավելի տարբեր գրական մրցանակ ստացած գործերից չկա մեկը, որ շատ թե քիչ հետաքրքրություն ներկայացրած լինի ընթերցողների շրջանում։ Կամ ի՞նչն է ինձ իրավունք տալիս ասելու, որ ժամանակակից գրողների գործերի տպագրության համար Մշակույթի նախարարության կողմից տարեկան հատկացվող 55-60 միլիոն դրամից 40 միլիոնը վերցնելու և «մեծարժեք գրքի» թարգմանությանը տալու հարկ կա։ Որովհետև հանրային ռադիոյով 6-7 անգամներ ինքս եմ լսել, որ Գրողների միության երաշխավորությամբ տպվող գրքերի 90-95%-ը որպես խոտան պատռվում, դեն է նետվում… Ասվածը կարելի է ստուգել հանրային ռադիոյի ձայնադարանի միջոցով։

Մրցույթին մասնակցելու իրավունք պետք է տալ միայն կոչում ունեցող գրականագետների երաշխավորագրերով, այլ ոչ թե Գրողների միության ցանկացած անդամի։

Վերջապես ի՞նչ խնդիրներ են արծարծվում իմ ստեղծագործություններում։ Նշեմ դրանցից մի քանիսը՝ «բարության սաղմի ֆենոմեն» և կյանքում արտացոլված, կյանքով հաստատված այդ ֆենոմենը որպես աստվածային էության արտահայտություն։ Այնպես որ մարդկանց կողմից հորինված կրոնների պաշտամունքին տուրք տալը միանգամայն անտեղի է։ Բարության սաղմը հավաստում է նաև մատերիայի և հոգու  միջև  եղած կապը, ինչպես նաև տարբերակում է չար ու բարի մարդկանց, գենոցիդագեն ցեղախմբի գոյությունն հավաստում և այլն…

Հովհաննես ԱՂԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Տեր Աստված
    ու էս էլ գրող ա?
    չեմ էլ ճանաչում
    մեռնեմ- չեմ էլ կարդա:
    Չեմ հասկանում -ինքը ջոգում ա ինչ ա գրում ու խի?
    հոդված առավոտում- վիդիծելի իրան չեն տվել մրցանակ:
    Կներեք-ՉՄՈ:

  2. Լ. Գրիգորյան says:

    Ճիշտ բաներ է ասում մարդը: Անտարեսի թայֆեն գիտենք… Ինչքան անտաղանդ կա, տպում են, միայն թարգմանական գրականությունն է, որ փող է բերում, բայց դա մի կողմ: Եթե Աելիտան կա Դոլուխանյան կամ Ազատը, արդեն պարզ է, ինչ կկատարվի: Իրոք ավելի լավ կլինի հանել այդ սուտ մրցանակները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031