Մայիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը: Նրա նպատակն է ներկայացնել թվանշային միջավայրում լրագրողական աշխատանքի եւ մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը եւ միտումները: Այն կազմակերպել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների մասնակցության համար» ծրագրի շրջանակներում:
Կոնֆերանսին մասնակցում են ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատվիայից, Վրաստանից եւ Թուրքիայից:
ԱՄՆ Արիզոնայի համալսարանի լրագրության դպրոցի ներկայացուցիչ Լեսլի Թորթոնը ելույթ ունեցավ միջազգային մեդիա կոնֆերանսի ընթացքում:
«Պատմությունները ձեւավորել են մեր կյանքը եւ դեռ շարունակում են ձեւավորել: Նրանք մեծ ուժ ունեն: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ թվային գործիքները մեզ ուժ են տալիս կրկին կախարդանք ստեղծել: Օրինակ՝ զգացմունքը այդ գործիքներից մեկն է, որն այս օրերին մեզ հասանելի է»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նա ներկաներին ցուցադրեց համաշխարհային լրատվամիջոցների թվային պատմությունների օրինակներ՝ նշելով, որ այժմ օգտատերերը դրանցից օգտվելու եւ դրանց տարածելու մեծ հնարավորություններ ունեն:
Վերջում նա ամփոփելով իր ելույթն՝ ասաց. «Կարեւոր չէ, թե մենք աշխատում ենք բառերի հետ, թե նկարների կամ ձայնագրության հետ, կարեւորը պատմությունը այլ մարդկանց սրտներին եւ մտքներին հասցնելն է»:
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կշարունակվի նաեւ ուրբաթ՝ մայիսի 29-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ