Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը տարօրինակ համարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունները Բուդաղյանների գործից որոշ նյութերի անհետացման հարցով, ինչպես օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, դեպքի զննության տեսագրության անհետացումը:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի 2-ի երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցված: Այդ օրը Գորիսում՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից սպանվեց Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, եւ հրազենային ծանր վիրավորում ստացավ Արտակ Բուդադյանը։ Նա սույն գործով միակ մեղադրյալն է եւ մեղադրվում է Ս. Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ։
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, թե «դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի»: Գործի նյութերի անհետացման մասին էլ դատախազն ասել էր, «թե կան պատշաճ հիմնավորումներ»: Հայկ Ալումյանը նկատում է, որ Գևորգ Կոստանյանը խոսում է այն ժամանակ, երբ մեկը չկա, որ փաստերը դնի մեր դիմաց: Բայց Հայկ Ալումյանը վստահեցնում է, թե իրենք այժմ ունեն քրեական գործի նյութերն ու փաստերը, որոնց առկայության պարագայում Գևորգ Կոստանյանն առարկություններ չի կարող ունենալ:
Այս առիթով պարոն Ալումյանը մանրամասնեց. «Երբ քրեական գործի նյութեր չունեինք, շատ էր խոսում: Ամեն ինչ փորձում էր հերքել: Հետո, երբ մեր ձեռքում հայտնվեցին գործի նյութերը, ամբողջ խայտառակությունը ջրի երես դուրս եկավ, դրա համար հիմա այն կողմից մեկնաբանություններ չեն լսվում: Բայց խորհրդարանում հարցը առճակատ դրված էր, ուստի ինքը ստիպված էր հայտարարություն անել, թե իբր այդ հեռախոսային խոսակցությունները ոչինչ չէին տալիս քրեական գործին: Նման հայտարարություն կարող էր անել միայն այն մարդը, որն այդ խոսակցությունները լսել էր: Ուստի Գևորգ Կոստանյանը ցույց տվեց, որ իր մատը խառն է: Ենթատեքստ կարող է լինել, որ ինքը այդ խոսակցությունների բովանդակությունը գիտի:
Իսկ եթե դրանց բովանդակությունը չգիտի ու նման հայտարարություն է անում, ավելի վատ, նշանակում է, որ խոսում է մի բանից, որից տեղյակ չէ: Չէի ուզի նման գլխավոր դատախազ ունենայինք: Ինքը հակասում է քննիչի ու դատարանի դիրքորոշմանը, քանի որ քննիչն ու դատարանը համարում էին, որ այդ խոսակցությունները պետք էին, դրա համար էլ քննիչը միջնորդել էր, որ դրանք ձայնագրվեն, դատարանն էլ բավարարել է»:Հայկ Ալումյանի տպավորությամբ՝ մյուս կողմը փոխել է իր ռազմավարությունը. «Մի ժամանակ ուզում էին ցույց տալ, որ ոչ մի խախտում գործում չկա, հիմա, երբ խախտումներն իրենց դիմաց ենք դրել, փորձում են ցույց տալ, որ դրանք թույլ են տրվել անփութորեն, ոչ գիտակցաբար: Ասում են դա պատահականության, հոգնածության կամ անուշադրության հետևանքն էր: Հիմա հին դիրքերից նահանջել են: Բայց մենք շարունակում ենք պնդել, որ սա գիտակցաբար պլանավորված գործողություններ են»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, արդեն օրինաչափությու՞ն է դառնում այն, որ ամեն անգամ, երբ Սուրիկ Խաչատրյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտություն է առաջանում, նա կամ քնած է, կամ սիրտն է վատանում, պարոն Ալումյանն արձագանքեց. «Ինքը շատ արդյունավետ կիրառել է քնելու տակտիկան Բուդաղյանների գործում: Վճռորոշ պահին, երբ Զարզանդ Նիկողոսյանն ըստ իրենց՝ հարվածել է Ավետիք Բուդաղյանին, նա քնած էր, հետո քնել է իր տանը, երբ փողոցում, իր սենյակի պատուհանից 20 մետր հեռավորության վրա փոխհրաձգություն էր, քնել է ու չի արթնացել: Դա ուղղակի առասպելական քուն էր: Աստված տա մյուս անգամ այնքան լավ լինի իր սիրտը, որ կարողանան բոլ-բոլ հարցաքննել առանց իր սրտի խնդիրները հաշվի առնելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ