Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունն այդպես էլ գլուխ չի հանում երկաթով ու ֆոլաթթվով հարստացված ալյուրը վնա՞ս է, թե` օգուտ (Տեսանյութ)

Մայիս 28,2015 15:52

Բարձր կարգի ալյուրը երկաթով հարստացնելու կառավարության որոշումը հակասական տեսակետների առիթ է տվել. մասնագետների մի մասը վստահեցնում է, որ ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով հարստացնելը վտանգավոր է մարդու առողջության համար եւ որ մեր երկրում աշխարհագրական ու բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ մեր սննդակարգի շատ ուտելիքներ արդեն իսկ պարունակում են այդ անհրաժեշտ վիտամինները, իսկ դրանց ավելցուկը կհանգեցնի մի շարք հիվանդությունների, մասնավորապես` ուռուցքների զարգացմանը: Մասնագետների մեկ այլ խումբ էլ, վկայակոչելով ապացուցողական բժշկությունը, հավաստիացնում է, որ այդ երկու միկրոտարրերը վտանգավոր չեն մարդու օրգանիզմի համար եւ լավագույն միջոցն է սակավարյունությունը հատկապես` հղի կանանց մոտ կանխելու համար:

Այսօր «Հայելի» ակումբում տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդուհի Մելիքյանը մեկ առ մեկ թվարկեց սննդի այն տեսակները, որոնց մեջ երկաթ կա. «Լոբին, տավարի միսը, կաթնաշոռը, կանաչեղենը, չորացրած մասուրը, երիկամները պարունակում են այդ վիտամինները եւ բավարար են երկաթի պահանջը բավարարելու համար: Նույնը նաեւ ֆոլաթթուն, բազմաթիվ մթերքների բաղադրության մեջ մտնում է այս վիտամինը: Սպանախի, մաղադանոսի մեջ կա այս բնական վիտամինը: Հետեւաբար, ընդհանուր այդ հարստացման գաղափարը վտանգավոր է: Մինչեւ ներդրումը առողջապահության նախարարությունը նախ պետք է կատարեր փորձարկումներ, ուսումնասիրություն»:

Aravot.am-ի հարցին, թե աղքատության բարձր ցուցանիշով պայմանավորված, արդյոք մեր քաղաքացիներն ի վիճակի են ձեռք բերելու այդ սննդամթերքները, որոնք հարուստ են վիտամիններով, տիկին Մելիքյանն ասաց, որ, եթե ուզում են, որ մարդիկ լավ ապրեն, առողջ ապրեն, կառավարությունը ճիշտ կանի մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը լավացնի:

Մեր հարցին ի պատասխան, ասուլիսի մեկ այլ մասնակից՝ կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանն ասաց. «Պատկերացրեք վառվող տուն է, որի մեջ երեխաներ են եւ փոխարենը հրշեջները այդ մարդկանց հանեն վառվող տան միջից «վիշնեւսկի» են շպրտում, որ մարդիկ քսեն իրենց վրա:

Երկու մասնագետն էլ համոզված էին, որ մեր տարածաշրջանի բույսերը, մրգերը եւ առհասարակ սնունդը բավարար են, որ այդ պակասը լրացվի եւ այդ հավելանյութերի կարիքը բոլորովին չկա:

Ըստ Աշոտ Կարապետյանի, մեկ կիլոգրամ ալյուրին ավելացնելու են 1,3 միլիգրամ ֆոլաթթու եւ 30 միլիգրամ երկաթ, այսինքն` հղի կնոջը երեք ամսում խորհուրդ տրվող չափաքանակն, ըստ մասնագետի, մենք օգտագործելու ենք ամեն օր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հարգելի Լուսինե
    Ձեր հոդվածի վերնագիրը և բովանդակությունը իրար չեն համապատասխանում: Մեր ամբողջ բնակչությունն էլ վաղուց հասկանում է, որ մեր իշխանությունները անկարող են որևէ մարդասիրական քայլ անել մեր ժողովրդի և,մասնավորապես մեր հղիների, համար:

  2. Գայանե says:

    Օրական 300 միկրոգրամ ֆոլաթթվի չափաբաժինն արդեն ներառված է 250g հացի մեջ, իսկ Հայաստանում հաստատ 400 գրամ հաց են ուտում:
    Եվրոպայում վաճառում են ֆոլաթթվով հարստացված աղ, ընտրում է գնորդը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031