Գյումրիում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ուղղված բողոքի երթից հետո Aravot.am-ը Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով կլսե՞ն քաղաքացիների ձայնը, թե՞ առանց հաշվի առնելու որեւէ դժգոհություն, կշարունակեն գործել ի վնաս ժողովրդի: «Ես կարծում եմ, որ Երեւանի եւ մյուս քաղաքների հանրահավաքները հավաքականության մեջ արդյունք տալու են, որովհետեւ էս ձեւի հիմարություն… ուրիշ հիմարություններ իշխանությունը շատ է արել, բայց էս կարգի հիմարություն, երբ որ քաղաքացիների վրա է դնում ուրիշների անուղեղ կառավարման հետեւանքով առաջացած ծախսերի բեռը, նման բան մեկ էլ գազի ժամանակ է եղել: Միայն հավաքականության արդյունքում կարող է ինչ-որ բան փոխվել, եթե հանկարծ բողոքները եղան հատվածական եւ չկարողացան ընդհանրական զայրույթ հարուցել, Սերժիկ Սարգսյանի ռեժիմը շարունակելու է մնալ իր անողնաշար վարքի մեջ. Ռուսաստանից ինչ ասացին, ինքն այդպես էլ կթալանի Հայաստանը, որպեսզի հասցնի էնտեղ, «պախանը» վրեն չջղայնանա»:
Մեր այն հարցին, թե ՀԷՑ-ում կատարված թալանը խրատ կլինի՞ մեր իշխանություններին, որպեսզի ռազմավարական կառույցները կառավարման հանձնելուց կամ վաճառելուց առաջ խորը մտածեն, մեզ զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ ուրիշ ստրատեգիական կառույցներ չեն մնացել կամ գրեթե չեն մնացել: Բայց հարցի մեջ, կներեք, ինձ թվում է, որ սխալ կա. մենք իշխանություն չունենք, երբ ասում եք մեր իշխանությունը, սրանք մերը չեն, սրանք իրենք իրենցից կաշառքով, մարդկանց գնդակահարելով, զանազան օրինազանցություններով իշխանության եկած մարդիկ են եւ իրենք էլ գիտեն…Եթե իրենց ասեք՝ օրինակա՞ն եք ընտրվել, իրենք կսկսեն հռհռալ, ամբողջ չարիքի ակունքը այդտեղ է, եւ իրենք պետական մտածողություն չունեն եւ պարտավոր չեն ունենալ, իրենք իրենցից են իշխանություն, էս է ամբողջ գաղտնիքը: Երբեք իրենք չեն մտածելու հանրային շահի համար, նրանք մտածելու են այն մասին, թե ինչպես անեն, որ երկար մնան իշխանության, դրա համար հարկավոր է, որ «պախանը» Կրեմլից չջղայնանա իրենց վրա: Ասենք, եթե հանկարծ որոշեն, որ Սերժիկ Սարգսյանի նստավայրը պետք է լինի ոչ թե Բաղրամյան 26-ը, այլ դիմացի մետրոյի կայարանը, մի գիշերվա մեջ Սերժիկ Սարգսյանը իր ռեժիմով կտեղափոխվի այնտեղ եւ կաշխատի, էդ կայարանը կփակեն, լուրջ եմ ասում»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Կարդացեք նաև
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ էլ, բողոքի ակցիաները հաստատ արդյունք կտան, ոստիկանների պահվածքից արդեն իսկ ակնհայտ է, որ ինչ-որ բան փոխվելու է: Ըստ նրա, իշխանությունները հետզհետե ավելի զգաստ ու սթափ են դառնում, հետզհետե ավելի են հասկանում, որ հարկավոր է սեփական թալանածը տալը, այլապես հնարավոր չէ այս երկրի գոյությունը որեւէ կերպ շարունակել: «Ժողովրդին թալանելը լավագույն ռազմավարությունը չէ, եթե նույնիսկ դա լավագույն «ռազմավարական դաշնակիցն» է պահանջում իր շքեղագույն առանձնատների, մեքենաների, շքեղագույն աշխատավարձի, եւ իրենով խրախուսվող, մինչեւ վերջ հասնող գողությունների համար»,-ասում է իրավապաշտպանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ Բարսեղյան Լևոնը կուզենար , որ Վաշինգտոնից աշխատանքի ժամանակ հայելու դեմ սելֆի անող շոկոլադագույնը չնեղանա? սաղ աշխարհը կիսում է ըստ իրա ուզածի, ընպես օր Կրեմլին բան չասես.