Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ին միտումնավոր սնանկացնում են՝ կառավարության համաձայնությամբ»

Մայիս 28,2015 19:00

«Հայաստանի էլեկտրական ցանցերի»՝ հոսանքի սակագինը բարձրացնելու մի քանի հազար էջանոց հայտն ուղղակի անհեթեթ հիմնավորումների իսկական աղբյուր է: Մասնագետներն այս հայտը պրպտելուց անընդհատ նոր բացահայտումներ են անում:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀԷՑ-ի հայտում, ի թիվս այլ անհիմն թվերի, նոր ուշագրավ փաստեր է գտել ու ասում է՝ ՀԷՑ-ն ուղղակի թվանկարչությամբ է զբաղված:
Տնտեսագետը մտահոգություն է հայտնում, որ այս ընկերությունը միտումնավոր սնանկության է գնում, ընդ որում` սա նկատում է նաեւ կառավարությունը եւ կարծես թե համաձայն է այդ գործընթացի հետ: Օրինակ` ինչպես ներկայացնում է Մանուկյանը, ՀԷՑ-ը տարիներ շարունակ մի քանի միլիոն դրամով վարձակալել է թանկարժեք մեքենաներ, շուկայականից բարձր գներով ապրանքներ է ձեռք բերել, մինչդեռ եթե այդ մեքենաները չգներ, շատ ավելի քիչ ծախս կաներ ու գույքն էլ իրեն կմնար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարիներ առաջ այս փաստը արձանագրել է, բայց դեմը չի առել: Ընդ որում, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ի պաշտոնե պարտավոր էր ՀԷՑ-ի այս տեսակ անտեղի, անիմաստ ծախսերը կանգնեցնել եւ ստիպել վերջ դնել դրանց: «Ես հանցավոր համաձայնություն եմ տեսնում այստեղ:

Տեսեք, բացի մեքենաների ծախսից՝ այլ ուշագրավ բան էլ կա. ՀԷՑ-ի ու ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների միջեւ 2004-ին համաձայնություն կա կնքած՝ Օժանդակ վարկի: Սա ճապոնական Անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի 1999-ին տված գումարն է, երաշխավորը կառավարությունն է, հիմա այդ վարկի տոկոսների մարումը ներառվել է սակագնի բարձրացման հայտի մեջ: Տոկոսագումարի մնացորդը 64 միլիոն դրամ է, մայր գումարի մնացորդը՝ մոտ 10 միլիարդ դրամ: Ֆինանսների նախարարությունը, հարկայինը մշտապես ստուգել են այս ընկերությունը, տեսել են, որ վնասով աշխատող ընկերությունը շռայլ ծախսեր է անում, շուկայականից բարձր գներով ապրանք է միշտ ձեռք բերում, տեսնում է, որ այս ընկերությունը կարող է սնանկանալ, բայց մինչ օրս շարունակում է վարկի պայմանագիրը երկարացնել ոչ վճարունակ ընկերության հետ. սա պետական մոտեցում չէ ու խիստ կասկածելի է: Նշանակում է՝ եթե ՀԷՑ-ը սնանկանա, վարկի մարումը մնալու է կառավարության վրա, ավելի կոնկրետ՝ մեր՝ հարկատուներիս վրա»: Արտակ Մանուկյանը նկատում է, որ ՀԷՑ-ը սեփական շարժական գույք գրեթե չունի, նա ամեն ինչ վարձակալում է, ու եթե սնանկանա, գույք էլ չի լինելու վաճառելու, վնասները կրկին մենք ենք վճարելու: «Այն, որ ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, թե իրենք որեւէ կապ չունեն ՀԷՑ-ի սխալ կառավարման հետ, որի արդյունքում պարտքեր են կուտակվել, անհիմն է: Իմ նշած պետական կառույցները տեսել են, արձանագրել են այդ սխալ կառավարումը ու սաստող քայլեր չեն արել: Մի օրինակ բերեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր մոնիտորինգային հաշվետվություններում մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ը շուկայականից 30% բարձր գնով մալուխներ ու այլ բաներ է ձեռք բերել, եւ եթե մենք ապրեինք նորմալ երկրում, պաշտոնյաները պիտի հարց բարձրացնեին՝ ինչո՞ւ եք նման բան թույլ տալիս, այսպես չի կարելի: Եթե չկա նման հարց, ուրեմն միտումնավոր գնում է սնանկացման»:

Արտակ Մանուկյանն ուսումնասիրելով ՀԷՑ-ի ծավալուն հայտը՝ մի հետաքրքիր բան էլ է նկատել. հայտում կան մարկետինգային ծախսեր, որի մեջ ներառել են մայիսյան հաղթանակի տոների հետ կապված իրենց «Պաբեդա» ենթակայանի արտաքին ձեւավորման աշխատանքների ծախսերը եւ «Խարիզմա» ընկերության հետ 2 միլիոն դրամի պայմանագիր կնքել՝ ծառայության դիմաց: Մանուկյանը հարց է բարձրացնում՝ նախ՝ պարզ չէ, թե ի՞նչ աշխատանքներ են եղել, եւ հետո՝ ինչո՞ւ սպառողները պիտի դրա համար վճարեն, եւ ինչո՞ւ են սա ներառել սակագնի հայտի մեջ:
ՀԷՑ-ի ներկայացրած հայտից ու անհիմն ծախսերից այնպիսի տպավորություն է, որ ընկերության ղեկավարությունը հայ սպառողներին, կներեք, հիմարի տեղ է դրել: Այս ընկերությունը մի կասկածելի, տնտեսագետի ասելով՝ կոռուպցիայի հոտ եկող պայմանագիր է կնքել Հ. Ավետիսյան Ա/Ձ-ի հետ, որը գտնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում: Այս Ա/Ձ-ի հետ ՀԷՑ-ը ավելի քան 23 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել 2013-ի դեկտեմբերի 23-ից 2014-ի դեկտեմբերի 12-ը, ըստ որի՝ 6 օրը մեկ բեռնատար մեքենաների վերանորոգման ծառայություններ է պատվիրել: Սա այն դեպքում, երբ ՀԷՑ-ն ինքն էլ ունի ավտոսպասարկման անձնակազմ: Մանուկյանն ասում է, որ այս պայմանագրերը՝ թվով 60 հատ, ներառված են ՀԷՑ-ի սակագնային հայտում: Ընդ որում, տնտեսագետը կասկածում է, որ այդ Ա/Ձ-ն ունի այնպիսի հնարավորություն, որ մեծ քանակով բեռնատարներ 6 օրվա հաճախականությամբ վերանորոգի. «Մի փոքր ձեռնարկություն մի գործարանի աշխատանք չէր կարող անել: Եվ հետո՝ 2013-2014թթ. ծախսերը ինչո՞ւ է ներառել 2016-17-ին սակագնի բարձրացման մեջ: Անցյալ տարի արդեն հոսանքի գինը բարձրացրել են, ու այդ ծախսերը պիտի դրա մեջ լինեին: Այսպիսի հին պայմանագրեր այս տարվա հայտում շատ են»:

Հայտում ներկայացված աշխատավարձերի բարձրացման մասով Մանուկյանը նկատում է, որ մենք՝ սպառողներս, ըստ էության կրկնակի աշխատավարձ ենք վճարում նրանց:
Ըստ ՀԷՑ-ի հայտի՝ իրենք ունեն աշխատավարձի ֆոնդ՝ 22 միլիարդ դրամի: Հայտում, տնտեսագետի ներկայացմամբ, ՀԷՑ-ը աշխատավարձի ծախսերի մեջ մտցրել է, ասենք՝ հաստիքով էլեկտրիկը գնում է ինչ-որ տեղամաս գործ անելու, նյութերն ու այդ տեղամասի աշխատանքները մտցրել են սակագնի բարձրացման հայտի մեջ. «Բայց չէ՞ որ այդ էլեկտրիկին մենք արդեն աշխատավարձ ենք տալիս, ու մի տեղամասում գործ անելը նրա պարտավորությունն է, ինչո՞ւ պիտի դրա համար էլ ավելի վճարենք, այսինքն՝ 2 անգամ ենք աշխատավարձ վճարում: Էլ չեմ ասում նյութածախսերը, որը կրկին հայտում ներառել են մի առանձին բաժնով՝ ընդհանուր նյութածախսեր են մտցրել ու մի հատ էլ նորից ներառել են էլեկտրիկի՝ տեղամասում աշխատելու ու ինչ-որ նյութեր օգտագործելու մասում»:
Արտակ Մանուկյանը չի բացառում, որ նախկին թանկացումների հայտում էլ նման անհիմն ծախսեր ներառված լինեին, ու սակագինը, որն, իրականում պիտի ավելի քիչ բարձրացվեր, շատ են բարձրացրել. «Քանի որ առաջին անգամ է, որ այսպես թափանցիկ հանրությանը ներկայացվում է հայտը, ու մենք հիմա ենք բացահայտում այս ապօրինություններն ու խաբեությունը, ուրեմն հիմքեր կան կասկածելու, որ նախորդ անգամներն էլ այսպիսի միլիոնների ծախսեր են սղացրել: Մենք նույնիսկ չգիտենք էլ՝ վարձակալած այն միլիոններ արժեցող մեքենաները գոնե նո՞ր էին, թե՞ հին ու մաշված մեքենաներ էին, ու մենք դրանք իրենց հայտով նորոգում ենք: Մենք պետք է կանխենք ՀԷՑ-ի կամայականությունն ու թույլ չտանք անօրինականություններ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամեն ինչ ճիշտ է, բայց բոլորն էլ պլտալու են, բացի էդ հանցավոր ծախսերը փակող ժողովրդից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031