Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. Մայիսի 28-ը վերստին բացահայտեց ապրելու բանաձևը

Մայիս 28,2015 14:55

100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայությունն իր սարդարապատյան մաքառումով ապացուցեց, որ ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե իրենց մեջ են փնտրում փրկության բանալին:

1918 թ. մայիսյան օրերին, երբ թվում էր, թե ամեն ինչ արդեն վերջացած է, մեր ժողովուրդը ներքին բնազդով համախմբվեց և Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական զինված ընդվզմամբ ոչ միայն կասեցրեց օտար ցեղասպանի ընթացքը, այլև վերականգնեց իր գոյության և ապագայի իրավունքի միակ երաշխիքը՝ ազգային պետականությունը:

Ցավոք՝ Ցեղասպանությունը և հայրենազրկումը, ինչպես նաև արտաքին անբարենպաստ պայմանները չափից շատ էին թուլացրել մեր ազգային ներուժը, այդ պատճառով մեր նորաստեղծ պետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ և մենք որպես գաղութ հայտնվեցինք խորհրդառուսական կայսրության՝ ԽՍՀՄ-ի կազմում:

70-ամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք:

Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով մեր պետությունը ոչ միայն չկայացավ, այլև վերածվեց կեղեքման ու արտագաղթի միջոցով մեր ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկող գործիքի:

Միևնույն ժամանակ՝ 100 տարի առաջվա համեմատությամբ մեր վրա ազդեցություն ունեցող ներքին և արտաքին գործոնները շատ ավելի բարենպաստ են, ինչը մեզ հնարավորություն է տալիս 100 տարի առաջ տեղի ունեցածի դասերը քաղելով այնպես անել, որ կարողանանք հետ շրջել պատմության անիվը:

Նախ՝ այսօրվա հիմնական հակառակորդը ոչ թե արյունարբու ոսոխն է, այլ ապազգային ու հանցավոր ռեժիմը, որը մեր վրա ազդելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, սոցիալ-տնտեսական վիճակը, անկախության սերնդի առկայությունը և մի շարք այլ ներքին գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ: Ճիշտ է, ԵՏՄ անդամակցությամբ ռեժիմը ստալինյան մեթոդներով մարդու իրավունքները խախտելու ինդուլգենցիա ստացավ, սակայն նրա ռեսուրսները բավարար չեն բռնության համակարգ հաստատելու համար, ինչի մասին է վկայում նրա ճոճանակային տատանումը Արևմուտքի և Հյուսիսի միջև: Ռեժիմը թույլ է նաև ներքուստ, որովհետև պետական կառավարման համակարգը մտնում է իշխանության փոխանցման, ուրեմն՝ նաև ներքին պայքարի սրացման փուլ, ինչպես նաև ի վիճակի չէ դիմագրավելու ֆինանսատնտեսական ճգնաժամի, արտաքին ֆինանսավորման ընդհատման և արտաքին ու ներքին փոփոխվող իրավիճակով պայմանավորված նորանոր մարտահրավերներին:

Մյուս կողմից՝ այսօր տարածաշրջանում ուժերի և դերակատարների զգալիորեն տարբեր խճանկար է ձևավորվել: Գլխավոր տարբերությունը 20-ամյա միջազգային շրջափակումից դուրս եկող և հետզհետե հզորացող Իրանի առկայությունն է, որի հետ մեր հիմնական շահերը համընկնում են: Անշուշտ, մեզ համար զգալի խոչընդոտ է ԵՏՄ անդամակցությամբ մեր պետության կարգավիճակի անկումը, սակայն բավարար դիմադրության պարագայում մենք կարող ենք վերահաստատել մեր ինքնիշխանությունը և իրական սուբյեկտի վերածվելով՝ մեր ուրույն տեղն ու դերը զբաղեցնել տարածաշրջանում:

Սակայն այս ամենը կարող է իրականություն դառնալ միայն այն պարագայում, եթե մենք ականջալուր լինենք մայիսի 28-ին խորհրդին: Հակառակ դեպքում՝ Ցեղասպանությունից 100 տարի անց նորից կանգնելու ենք լինել-չլինելու խնդրի առաջ:

Մայիսի 28-ի խորհուրդը և Առաջին հանրապետության փորձը նաև հուշում են, որ դիմադրությունը պետք է լինի ժամանակին: Սա այն դեպքն է, երբ հապաղելը մահվան է հավասար: Եթե մենք սպասենք, ժամանակ վատնենք և հետաձգենք ընդվզումը, ապա պատմությունը կարող է 100-ամյա շրջափուլով չար կատակի նման կրկնվել: Այդ դեպքում, եթե նույնիսկ մեզ հաջողվի հեռացնել ցեղասպան ռեժիմին, օրեցօր նվազող մեր ներուժը կարող է բավարար չլիներ պետականությունը և Հայրենիքի այս վերջին կտորը պահպանելու համար:

Հիմնադիր խորհրդարանը, իրավիճակը գնահատելով որպես սարդարապատային և առաջնորդվելով պատմական պահի ճակատագրականության գիտակցությամբ, բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում սկսել ազգային համախմբումը և քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններով ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին, այնուհետև կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Հիմնադիր խորհրդարանի հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031