«Չէի ասի, թե վերջին ժամանակներս հաղթանակներ չենք ունեցել: Վերջին հաղթանակները, որոնք ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո, շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում` հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,- այսօր ասաց մայիսյան հաղթանակների առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական պայմաններին՝ նախարարն ասաց, որ հայերը երբևէ հեշտ կյանք չեն ունեցել. «Հայ ժողովուրդը միշտ դժվարություններ քաշել է, մենք դժվար պայքարում ենք ստեղծել: Եվ այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը»:
Սեյրան Օհանյանի խոսքով, պատմական հաղթանակները՝ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, Շուշիի ազատագրում և Ղարաբաղյան ազատամարտ, եղել են հայ ժողովրդի նվիրումի, գաղափարական պատրաստակամության արդյունքում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ