Մաշտոցի պուրակի փորձը նկատի ունենալով՝ մարդկանց աչքը վախեցած է. չեն հավատում, որ Երեւանի քաղաքապետարանը կարող է նաեւ լավ բան անել: Մաշտոցի պողոտայի մոտ «Մալիբու» սրճարանի հետնամասի այգին քարուքանդ եղած է, ու թեեւ բնակիչներին վստահեցրել են, որ նոր այգի են կառուցում, սակայն տարածքի բնակիչներից ոմանք ամեն օր գալիս են ու հետեւում աշխատանքներին:
Մի պապիկ էլ «պահակ է կանգնել» այգու ծառերին, հաշվել է, հետեւում է, որ դրանց չկպնեն: Բնակիչներն ասում են. «Մինչեւ աչքներովս չտեսնենք՝ ինչ է վերջում կառուցվելու, իրենց խոստումներին չենք հավատում»: Բայց պարզվում է՝ իրոք, լավ բան է անում քաղաքապետարանը. այստեղից մեզ էլ վստահեցրին, որ «Տաշիր գրուպի» հետ են համագործակցում, ընկերությունը բարեկարգում է այգին՝ ժամանակակից արտաքին լուսավորությամբ: Ճեմուղիների եւ աստիճանների սալահատակներն էլ կփոխարինվեն նորերով, նույնիսկ կանաչ տարածքն է ընդլայնվելու, ու նաեւ թեքահարթակներ են կառուցելու:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015