«Մայիսյան հաղթանակների կարևոր խորհուրդներից մեկն էլ հրաշքն էր,- ասում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը.- այդ ժամանակաշրջանում ժողովուրդը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության. հայկական ուժերն այլևս չէին դիմադրում: Սակայն հայ ժողովրդի համար դրված էր լինել-չլինելու հարցը, և բոլորը համախմբվեցին, մեկ մարդու նման ոտքի կանգնեցին, ու հրաշք տեղի ունեցավ՝ հաղթեցինք»:
Մայիսյան հաղթանակները, ըստ Ա. Վիրաբյանի, ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ միասնականությունը կարևոր գործոն է հաղթանակների համար. «Այն ժամանակ բոլորն էին դուրս եկել պայքարի. կռվում էին՝ ով ինչով կարող էր. ով զենք չուներ, եղան, բահ էր վերցնում ձեռքը: Այս ճակատամարտերի շնորհիվ վերականգնվեց մեր պետությունը»,- նշեց Ազգային արխիվի տնօրենը՝ ընդգծելով, որ Մայիսի 28-ը ժողովուրդն ընկալում է որպես հաղթանակի օր և նշում միասնության գաղափարը, քանի որ դա այն քիչ դեպքերից էր, երբ ողջ հայ ժողովուրդն այդքան միասնական էր. «Իսկապես, մայիսյան հերոսամարտերի ամենակարևոր խորհուրդը միասնության գաղափարն էր»,- շեշտեց Ա. Վիրաբյանը:
Անդրադառնալով 1918 թվականին վերաբերող արձանագրություններին՝ Ազգային արխիվի տնօրենը հայտնեց, որ այդ ժամանակահատվածի մասին Վրաստանի արխիվում ավելի շատ արձանագրություններ կան, քան Հայաստանի, իսկ այնտեղից միշտ չէ, որ դրանք տրամադրում են իրենց: «Արխիվում փաստաթղթեր կան, որոնք դեռ չեն բացահայտվել. հարյուր տարին լրանալուց հետո նոր միայն կարող ենք բացահայտել դրանք»,- հավելեց Ա. Վիրաբյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Անդրանիկի, Քաջազնունու, Խատիսյանի և հերոսամարտերի այլ մասնակիցների մասին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ