Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ սպասելիքները գրեթե կրկնակի բարելավվել են. «Հայոց աշխարհ»

Մայիս 28,2015 12:34

Տարեսկզբին Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսական աճի սպասումների վերաբերյալ ներկայացրել էր մռայլ կանխատեսումներ։ Դրանց համաձայն, տնտեսական աճը տատանվելու է 0,4-2 տոկոսի միջակայքում։ Սա ավելի հոռետեսական սցենար էր, քան այդ ժամանակ ակնկալում էին նույնիսկ առանձին միջազգային կազմակերպություններ։ Դրամավարկային քաղաքականության արդեն երկրորդ եռամսյակի ծրագրում ԿԲ-ն բարձրացրել է ոչ միայն նվազագույն, այլեւ առավելագույն աճի սպասումները։

Ըստ այդմ, կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը 1,6 տոկոսից պակաս չի լինի։ Ակնհայտ է, որ նվազագույն սպասելիքները նախորդ կանխատեսման համեմատ կտրուկ դրական են դարձել։ Այն բարձրացվել է 1,2 տոկոսով։

Փոխվել է նաեւ աճի առավելագույն սպասումը. տարեսկզբի 2 տոկոսից դարձել է 2,6 տոկոս։ Այս դեպքում ակնկալիքներն համեմատաբար ավելի փոքր են։

Սպասումների փոփոխությունը ԿԲ-ն պայմանավորել է մի շարք գործոններով, մասնավորապես ֆինանսական իրավիճակի կայունացմամբ, դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտից ակնկալվող բարենպաստ զարգացումներով։

Իհարկե ԿԲ-ն որոշակի ռիսկեր դեռեւս տեսնում է արտաքին միջավայրում՝ կապված ինչպես համաշխարհային տնտեսության թույլ զարգացումների, այնպես էլ հանքահումքային ապրանքների գների ցածր մակարդակի եւ ներքին տնտեսության պահանջարկի անկման հետ։ Թեեւ դատելով տնտեսական աճի ցուցանիշների վերանայման ուղղությունից՝ ԿԲ սպասելիքներն ավելի շատ դրական են։

Ավելացել են ակնկալիքները մասնավորապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Կանխատեսվում է, որ առաջինում արդյունաբերության աճը կլինի 1,5-2,5 տոկոս։ Նախորդ կանխատեսման մեջ ամրագրվել էր 1-1,6 տոկոս աճի հավանականություն։

Շատ ավելի կտրուկ փոփոխություն են կրել ակնկալիքները գյուղատնտեսության ոլորտում։ Կենտրոնական բանկի գնահատումներով, տնտեսական աճը այս ոլորտում կկազմի 6,5-7,5 տոկոս։ Սա անհամեմատ բարձր է տարեսկզբի կանխատեսումներից։ Կարելի է ասել՝ ԿԲ սպասելիքները գրեթե կրկնակի բարելավվել են։ Նախկինում գյուղատնտեսության աճը գնահատվում էր 3,5-4,5 տոկոս։ Տարեսկզբի չորս ամիսների տվյալներով, այն կազմեց 4,8 տոկոս։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031