Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մեղադրեք, որ ԱԺ-ի մեքենաները բարեկամ ուստաների, երբեմն էլ փինաչիների մոտ չեմ նորոգել» (Տեսանյութ)

Մայիս 28,2015 17:30

Հրայր Թովմասյանը բացատրում է, թե ինչու է ԱԺ-ի մեքենաները
նորոգելու տվել Շահմուրադյանների «Կարկոմավտոյում»:

Ազգային ժողովը մեքենաների վերանորոգման համար ամեն տարի լուրջ միջոցներ է ծախսում: Միայն 2014-ին խորհրդարանը դրա համար ծախսել էր մոտ 2.3 մլն դրամ:
Մամուլում այս առնչությամբ քննադատեցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որը բյուջեի այս սղության պայմաններում նախընտրում է ԱԺ-ի մեքենաները նորոգել Շահմուրադյանների «Կարկոմավտոյում»:

«Առավոտը» Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ԱԺ-ի մեքենաները չեն նորոգում սովորական «ուստաների» մոտ, որոնք անհամեմատ ավելի էժան կնորոգեն: Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Սովորական ուստաների մոտ չենք կարող տանել: Անցկացվում է մրցույթ, մրցույթում ինչ-որ մեկը հաղթում է եւ սպասարկում իրականացնում: Ցավոք սրտի, աշխատակազմի ղեկավարը չի որոշում՝ ո՛ր ուստայի մոտ տանի՝ իրեն ծանո՞թ ուստայի մոտ տանի, իրա հարեւան ուստայի մո՞տ տանի, տանի այն ուստայի մոտ, որտեղ իր մեքենա՞ն է նորոգում, իր ծանո՞թն է, իր լավ բարեկա՞մն է: Բարեբախտաբար, այդ հնարավորությունը չեն տալիս ոչ պարոն Թովմասյանին, ոչ էլ որեւէ պետական մարմնի աշխատակազմի ղեկավարի: Դրանք ծառայությունների ձեռք բերման պայմանագրեր են: Եթե հանկարծ կգտնեք, որ այնտեղ մրցույթի անցկացման ընթացակարգում որեւէ մեկն ինչ-որ բան է արել, պատրաստ եմ անդրադառնալու, պայմանագիրն էլ խզելու, եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ պատժելու: Մի մեղադրեք ԱԺ աշխատակազմի ղեկավարին, որ իր ծանոթ, ընկեր, բարեկամ ուստաների, երբեմն էլ փինաչիների մոտ չի նորոգել ԱԺ-ի մեքենաները»:

Ազգային ժողովի աշխատակազմի անդամներն էլ տեղեկացրին, որ միայն «Կարկոմավտոն» չի շահել մրցույթը. «Կարկոմավտոն» իրականացնում է «Նիսսանների» սպասարկումը, այլ տեղ տանել օրենքով չենք կարող: Այլ տեղ չենք կարող տանել, բայց եթե տանեինք էլ, 100 տոկոս ավելի թանկ կլիներ: Այսօրվա շուկայական գներով ամենացածրը իրենք են սպասարկում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031