Լեւոն Զուրաբյանը գնահատում է «մահափորձն» ու ազգի հումորի զգացումը
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ԱԺ-ում շատ կոշտ տոնով հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյան՝ չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի կդատի, եթե ապացույցներ ձեռք բերվեն:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հարցին՝ նա կարո՞ղ է այդ քայլին գնալ, թե՞ դա ընդամենը շոու էր հանրության համար, պատասխանեց. «Լրիվ շոու էր: Նկատեցիք, որ դա ՀՀԿ-ի երիտթեւն արեց (նկատի ունի ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին), այդ «պասը» տվեց գլխավոր դատախազին, որովհետեւ իրենք էլ էին հասկանում, որ ընդհանուր ընկալումն այս է՝ դատախազը հովանավորում եւ պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին: Հիմա հատկապես «նրբազգաց» երիտթեւը հասկանում է, այնքան էլ կտրված չի հասարակությունից, որ չհասկանա, թե ինչ վնաս է Սուրիկ Խաչատրյանի կերպարը տալիս իշխանական թիմին: Բնականաբար, նա փորձում էր հարցով ու պատասխանով շտկել իրավիճակը, ցույց տալ, թե իբր իշխանություններն անաչառ վերաբերմունք ունեն եւ որեւէ խնդիր չունեն Սուրիկ Խաչատրյանին պատժելու հարցում: Բայց դա ընդամենը շոու էր, որովհետեւ ոչ մի քայլ դրան չի հետեւում, եւ մենք չենք տեսնում որեւէ առաջընթաց»:
Մեր հարցին՝ հենց Գորիսում Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների վերջին միջադեպն ի՞նչ տպավորություն է Ձեզ վրա թողել, հատկապես, երբ նրա թիկնազորի անդամ Զարզանդ Նիկողոսյանն ասում է, թե մահափորձ կատարողները սպասել են, որ գարունը գա, թփերն աճեն, իրենք դարանակալեն ու չերեւան անտառում, երբ 25-30 կրակոց է լինում, ու ոչ մի քերծվածք: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սպանե՛ք Լիսկային ձեր մեջ: Ես խորհուրդ եմ տալիս սա բոլորին, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այդ «մահափորձի» հետ կապված չի ցանկանում որեւէ վարկած պաշտպանել. «Թեեւ հակված եմ այն վարկածին, որին հակված է մեր ամբողջ հասարակությունը, որն, ըստ էության, ԽԹծ-ի վերածեց այդ կրակոցների քննարկումը, հումորի մի մրցույթի: Այս մի քանի օրը մենք բոլորս բավականություն ստացանք գոնե մեր ազգի հումորի զգացումից»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015