Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը ոչ մեկինը չէ, որ վերցնեն ու ինչ-որ մեկին տան

Մայիս 28,2015 16:00

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի քայլերը: Նախ հայտարարվեց, որ Ադրբեջանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու, հետո վերապահումներով ստորագրեց Հռչակագիրը, ԵՄ ղեկավարությանը փոխանցվեց Ադրբեջանի հետ նոր հարաբերությունների վերաբերյալ առաջարկների փաթեթ: Ի՞նչ են այս քայլերը նշանակում՝ Ադրբեջանը փոխհարաբերությունների ձեւաչա՞փ է փոխում:

-Պետք չէ շտապել եզրակացությունների համար: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ամփոփիչ ասուլիսում Ադրբեջանի վերաբերյալ նշեց, որ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսով քննարկել է Արեւելյան գործընկերության մեջ նոր գործիքների անհրաժեշտությունը, որոնք կարտահայտեին ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ծրագրի անդամ երկրների նկատմամբ: Դա նոր տեսակետ չէ, Վիլնյուսից հետո երկու տարի շրջանառվում է: Տուսկը համոզված է, որ Ադրբեջանին Եվրոպայի հետ լավ հարաբերություններ են պետք: Պարզ է, որ միայն քաղաքական լավ հարաբերությունների պարագայում Բաքուն կարող է առաջ մղել իր նավթի ու գազի ԵՄ արտահանման նախագծերը, որոնց հայտը ներկայացրել էր Մյունխենի էներգետիկ անվտանգության հարցերով գագաթաժողովից: Եվրոպան այսօր ռուսական գազին այլընտրանք է որոնում, բայց Ադրբեջանը միակ երկիրը չէ, որ պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, առավելեւս, որ Բաքվի առաջարկները վերաբերում են դեռ նախագծերի հաստատմանն ու գազամուղերի շինարարությանը: Չմոռանանք, որ կա Իրանը, որ պատժամիջոցների վերացումից հետո պատրաստ է վերականգնել գազի ու նավթի արտահանման նախկին ծավալները: Մոսկվային էլ հնարավոր չէ խաղից այդպես հեշտ հանել: Հայտնի է, թե մարդու իրավունքների մասով ինչ վիճակ է Ադրբեջանում եւ ինչպես են Եվրոպայում վերաբերում հիմնարար արժեքներին: Այնպես որ՝ փոխհարաբերությունների ինչ փաթեթ էլ Ադրբեջանն առաջարկի Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցության փոխարեն, մեծ հարց է, թե Եվրոպան ինչքանով է զգում Բաքվի քաղաքական ու տնտեսական ներկայության անհրաժեշտությունը:

-Էլմար Մամեդյարովը ԵՄ-ին կոչ էր անում ԼՂՀ հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ կոնկրետ եւ միանշանակ դիրքորոշում ունենալ:

-ԵՄ-ն հենց կոնկրետ ու միանշանակ դիրքորոշում էլ ունի, այլ հարց է, որ այդ դիրքորոշումը Բաքվի ցանկացածը չէ: Եվ գործընթացները Ռիգայում, եւ Էլմար Մամեդյարովի պահվածքը վկայում էին, որ Իլհամ Ալիեւի բացակայությունը, իբր թե եվրոպական խաղերի նախապատրաստության պատճառով, բացարձակ սուտ պատրվակ էր՝ հազիվ թե նա բետոն թափելիս լիներ, Ադրբեջանի նախագահի բացակայությունը խոր եւ խորքային պատճառներ ուներ՝ եվրոպացիների կողմից իր տեսակետները չընկալելը եւ չկիսելը առնվազն մի քանի ուղղություններով, որոնցից միայն մեկն է ԼՂ հակամարտության հարցը: Բաքուն, բանակցությունների ընթացքից եւ Մինսկի խմբի առաջարկած ոչ ադրբեջանանպաստ լուծումներից դժգոհ լինելով, անդադար փորձում է հարցը միջազգային կառույցներ տեղափոխել՝ ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵՄ, հույս ունենալով, որ նրանց աջակցությամբ կբարելավի դիրքերը:

Գագաթաժողովի Հռչակագրում այդ հարցին առավել քան հստակ պատասխան տրվեց: Իսկ ՀՀ նախագահը գագաթաժողովին ուղղած ելույթում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա եւ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ՝ երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, մինչդեռ Բաքուն տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք, խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով համահավասար մյուս սկզբունքները:

-Փաստորեն Ռիգայից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը շտապել է Մոսկվա եւ ժամերով բանակցել ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ, ի թիվս այլ հարցերի նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ, արձանագրված «գերհասունացումը» ի՞նչ կարող է նշանակել:

-Եթե նկատի ունեք ադրբեջանցի լրագրողի հարցում հնչած ձեւակերպումը, Լավրովն ինքը չմտաբերեց այդ արտահայտությունը: Իվերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է 88-ից եւ որքան շուտ լուծվի, այնքան արագ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի՝ բերելով կայուն զարգացման նոր հնարավորություններ: Այլ հարց է, թե ինչպե՞ս պիտի լուծվի: Ասուլիսում ՌԴ արտգործնախարարը թերեւս որեւէ նորություն չասաց, միայն Մամեդյարովին էլի Մինսկի խմբի ճանապարհը ցույց տվեց: Ռուսաստանը միշտ էլ, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ աջակցել է կոնֆլիկտի լուծմանը, կազմակերպել նախագահների հանդիպումներ ու քննարկումներ: Որ ԼՂ հակամարտությունը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է, դա էլ նորություն չէր: Բնականաբար, պետք է գերակայություն լինի, նկատի ունենալով թե հայ-ռուսական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը եւ իր ազդեցությունը այս տարածաշրջանում պահպանելու Մոսկվայի ձգտումները: Վստահ եմ, որ այդ «գերհասունացում» բառը, եթե, իհարկե, արտաբերվել է իրականում, արձանագրում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ այն, ինչ Լավրովն ասաց՝ Մոսկվան ակտիվորեն շարունակելու է նպաստել կողմերի համար փոխընդունելի համաձայնությունների որոնմանը՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ:

-Ձեր կարծիքով Մոսկվայում չի՞ քննարկվել Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը, առավելեւս, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նախօրեին հայտարարել էր, որ դա հնարավոր է միայն ԼՂ հարցի լուծումից հետո, քանի որ Ադրբեջանը նույն կառույցում չի կարող լինել «ագրեսոր» երկրի հետ:

-Արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ քննարկվել են բազում հարցեր՝ սկսած Հարավային Կովկասից մինչեւ Կասպյան տարածաշրջան, Սիրիա, ԻԳ, ապրանքաշրջանառության աճ, համատեղ ֆորումներ եւ այլն, եւ այլն, դա բնական գործընթաց է: Նկատի առեք նաեւ, որ նախարարները հանդիպել են ՌԴ նախագահի Բաքու՝ Եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու նպատակով, այցից առաջ: Ինքնին հասկանալի է, որ Բաքվում Պուտինն ու Ալիեւը միայն սպորտից չեն խոսելու, համատեղ փոխընդունելի օրակարգ պիտի մշակվի հանդիպումից առաջ: Չի բացառվում, որ այդ շրջագծում անդրադարձ է եղել եւ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությանը:

Թե ինչ է ասել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը, հավատացեք, որ ոչ մի իրական բովանդակություն չունի, նույն Ադրբեջանը «ագրեսոր» Հայաստանի հետ անդամակցում է միջազգային քաղաքական ու տնտեսական կառույցների եւ, կարծես թե, նման խնդիր չկա: Դա սովորական դիվանագիտական հնարք է՝ հերթական անգամ Բաքվի ծավալապաշտական տեսակետները հնչեցնելու: Բայց այնպես չէ, որ Բաքուն ստանում է՝ ինչ ուզում է: Համենայն դեպս, բանակցային գործընթացում բացահայտ է, որ Ադրբեջանը իր տեղը չի գտնում ու այդ պատճառով է պարբերաբար նետվում մեկ ՄԱԿ-ի, մեկ ԵԽԽՎ-ի, բոլորովին վերջերս ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրի դռները, թե էս «ագրեսոր» Հայաստանին ասեք՝ հողերս տա:

Այդ պահվածքը արդեն ոչ միայն սպառել է իրեն, այլեւս բացահայտորեն չի ընդունվում՝ ապացույցը, հենց թեկուզ այն փաստը, որ Ռիգայի գագաթաժողովում Էլմար Մամեդյարովի՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիշատակումը ԼՂ հարցի վերաբերյալ ձեւակերպմանը հավելել, պարզապես մերժվեց եւ հասկացվեց, որ տեղին չէ Աբիսողոմ աղայի պես ամեն տեղ իր «ագարակներու»՝ իմա՝ «օկուպացված տարածքների» եւ քսան տարի նույն կարգավիճակով պահպանվող փախստականների պատկերը ներկայացնել, առավելեւս, դրանք իրենն էլ չէին: Համոզված եմ, որ Ադրբեջանը իրականում ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկություն չունի, բայց օգտագործում է այդ խաղաթուղթը եւս՝ իր գլոբալ խաղն առաջ տանելու համար: Ի վերջո՝ մի մոռացեք Ադրբեջանի «ՍՈԿԱՌ»-ի եւ «Գազպրոմի» մասին՝ Բաքուն բոլոր հնարավոր եւ հնարովի տարբերակներով իր նավթն ու գազն է փորձում Եվրոպա արտահանել՝ ի հաշիվ Ռուսաստանի: Ադրբեջանը ռիսկ կանի ԵԱՏՄ-ին անդամակցել միայն Թուրքիայից հետո, իսկ Թուրքիան իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ԵԱՏՄ-ի հետ առավելագույնը կարող է ունենալ ընդլայնված համագործակցություն, ոչ ավելին: Այնպես որ Ղարաբաղը երբեք չի կարող դառնալ Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության գինը, առավելեւս, որ Ղարաբաղը ոչ մեկինը չէ, որ վերցնեն ու ինչ-որ մեկին տան: Ղարաբաղի ժողովուրդը իր պետության ճակատագիրը ինքն է որոշում եւ գլոբալ խնդիրը ԼՂՀ-ի ճանաչումն է, որ ժամանակի հարց է:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031