Աջարիայի (Վրաստան) Չակվի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրում Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարավ միայն Սիրանուշ Ղուկասյանը (նկարում), որի մրցակիցը Աննա Տախադաձեն էր: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը եւ Աննա Հայրապետյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Գաբոյանը զիջեցին մրցակիցներին:
Իններորդ տուրից առաջ մեր չորս շախմատիստուհիներ շարունակում են պայքարել աշխարհի անհատական առաջնության ուղեգիր պարգեւող 1-ից 14-րդ տեղերի համար: Էլինա Դանիելյանը 5,5 միավորով 98 մասնակիցների մեջ 6-րդն է, Լիլիթ Գալոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 5,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 15-րդ եւ 20-րդ հորիզոնականներում, իսկ Մարիա Գեւորգյանը 4,5 միավորով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ