Հակոբ Հակոբյանի ընտանիքի անդամներին աղքատ չես անվանի։ Բայց այս պարագային էլ նրանց համեմատաբար թանկարժեք մեքենան, պարզվում է՝ գազով է շահագործվում։ Գազալցակայանները վերջին անգամ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվել էին 2013-ին։ Անվտանգության նկատառումով իշխանությունները երկրում գործող լցակայաններին՝ ԱԳԼՃԿ-ներին, պարտադրեցին բաշխիչ աշտարակներ տեղադրել։ Ասվում էր, որ այդ աշտարակները չափից ավելի գազ լիցքավորելը բացառող սարքավորումներ են։ Քանի որ խոսքը հանրային մասշտաբի անվտանգության մասին էր՝ բոլորն ըմբռնումով մոտեցան, և այդ անվտանգության աշտարակները տեղադրվեցին։ Հավանաբար՝ տեղադրվեցին։ Հավանաբար, որովհետև վերջին պայթյուններից հետո ԱԳԼՃԿ-ների աշխատանքն անվտանգ անվանելն ակնհայտ չափազանցություն է։ «Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել գազալցակայանների աշխատանքի անվտանգությունը» հարցը մեկ պատասխան ունի։ Ընդամենը մեկ պատասխան, բայց՝ հնարավոր բոլոր տրամաբանական հետևանքներով։ Գազալցակայանները բավական թանկարժեք սեփականություն են, ու այն կարելի է համարել խոշոր բիզնես։
Վերջին տեղեկատվության համաձայն՝ օրինակ՝ Աշտարակի խճուղու վրա գործող գազալցակայաններից մեկը վաճառվել է 450 հազար ԱՄՆ դոլարով։ Իսկ մեր հասարակական-տնտեսական կյանքին ծանոթ մարդը գիտի, որ մեր (մեծա)հարուստները, մի քիչ, մեղմ ասած, ագահ են։ Կամ՝ ընչաքաղց։ Հետևաբար՝ դժվար է նրանց պարտադրել անհրաժեշտ ծախսեր անել՝ սպասարկման անվտանգության որակը բարձրացնելու նպատակով։ Նրանք նաև բավական ազդեցիկ են։ Այլ կերպ ասած՝ անվտանգ շահագործման որակը ստուգող պետական ցածրաստիճան պաշտոնյաները, որպես կանոն, ի վիճակի չեն տուգանել նրանց։ Առավել անհավանական է, որ շարքային հսկիչները կարողանան արգելել անվտանգության չափանիշների անտեսմամբ աշխատող «օբյեկտների» հետագա շահագործումը։ Գրված ակտերն ու աշխատանքը դադարեցնելու որոշումները դժվար է պարտադրել գազալցակայանների տերերին։ Իսկ մեր երկրում գործող գազալցակայանները, արդեն 10-15 տարի է՝ ինչ շահագործվում են։ Կամ էլ ի սկզբանե կառուցվել են խնայողական ռեժիմով։ Բնականաբար, առաջինը խնայում են ոչ թե ֆունկցիոնալ սարքավորումների վրա, այլ՝ անվտանգության։
Բարդ չէ եզրակացնելը, որ գազալցակայաններն անհրաժեշտ տեխզննում չեն անցնում։ Վերանորոգման ու վերազինման անհրաժեշտ գործընթացների մասին խոսակցությունը հավանաբար իրատեսական չէ։ Հայաստանում գազալցակայանների պայթյունների բաց հասարակությանը մատչելի վիճակագրություն չի վարվում։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում